Քիչ առաջ, Երեւանում, Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտից 5 հասարակական կազմակերպությունների, այդ թվում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» եւ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախաձեռնությամբ, մեկնարկել է «Բազմազանության շքերթը»` մշակութային բազմազանության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Կասկադի մի հատվածում հավաքվել են հ/կ-ի ներկայացուցիչներ, տարբեր ակտիվիստներ, իսկ մյուսում երիտասարդ տղաներ, ովքեր բացականչում են, թե «Սրանք «գալուբոյ» են», «Հեռու պահեք երեխաներին», «Ոչ այլասերմանը»:
Նրանք երգում են ռազմահայրենասիրական երգեր:
Մի պահ կոնֆլիկտ առաջացավ հավաքված ակտիվիստների եւ նրանց միջեւ: Հավաքված տղաները փորձեցին «Բազմազանության շքերթի» ակտիվիստներից խլել նրանց պաստառը, սակայն ամեն ինչ դրանով ավարտվեց:
Այժմ ակտիվիստները երթով շարժվում են դեպի Հյուսիսային պողոտա, այնուհետեւ Աբովյան փողոց: Նրանց հետեւից գալիս են այդ երիտասարդները: Ակտիվիստները բացականչում են «Բազմազանություն, հավասարություն», իսկ նրանց դեմ հանդես եկող երիտասարդները` բացականչում են «Ամոթ, ամոթ»:
Առայժմ , որեւէ լուրջ միջադեպ չի գրանցվել, ոստիկանները հսկում են երթի ընթացքը, թեեւ մթնոլորտը լարված է:
Նշենք, որ «Բազմազանության շքերթի» անցկացումով մեկնարկում է «Բազմազանության շաբաթը», որի ժամանակ տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառման կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց ակցիան առնչություն չունի նույնասեռականների հետ:
«Թեեւ հայաստանյան հասարակությունը բավականին միատարր է, Հայաստանում են բնակվում նաև մարդիկ, ովքեր տարբերվում են մեծամասնությունից սեփական գաղափարներով, աշխարհայացքով, կրոնական և ազգային պատկանելությամբ, արտաքին տեսքով, նախընտրություններով և այլ անձնային առանձնահատկություններով»,-ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:


























