ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անունից, խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որտեղ անդրադառնում է կալանավայրում հացադուլ հայտարարած զինծառայողի խնդրին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանն արդեն 48 օր է, ինչ հացադուլի մեջ է: Նա գանգատվում է տարբեր հիվանդություններից եւ պահանջում է համապատասխան բժշկական օգնություն: ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նրան այցելել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ովքեր ականատես են եղել երիտասարդի առողջական վատթար վիճակին:
Սուրեն Կիրակոսյանի հացադուլի շարունակությունը կարող է ոչ միայն անդառնալի հետեւանքներ թողնել նրա առողջության վրա, այլեւ լուրջ սպառնալիք լինել կյանքի համար: Նա բժշկական եւ հոգեբանական օգնության կարիք ունի, որը հնարավոր է իրականացնել բժշկական հաստատության պայմաններում եւ ծնողների միջամտությամբ:
Պահանջում ենք անհապաղ մասնագիտական օգնություն տրամադրել Սուրեն Կիրակոսյանին, որպեսզի երիտասարդը դուրս գա հացադուլից:
Մեր սխալ որոշումներով նորից զոհ չտանք: Եղած զոհերն արդեն իսկ աններելի են»:




























