Գործարար Տիգրան Արզաքանցյանն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեն պատրաստվում բիզնես գործընկերներ դառնալ, սակայն նրանք հանդիպել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, գործարար Տիգրան Արզաքանցյանը:
Ինչ վերաբերում է հանդիպման նպատակին եւ մանրամասներին, Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ իր ռուս գործընկերներից մեկն էր ժամանել Հայաստան, ով հետաքրքրված է հեռահաղորդակցության ու ինտերնետային ոլորտի բիզնեսով, սակայն Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումն ընկերական բնույթ է կրել:
Հարցին, թե համատեղ բիզնես ծրագրերի մասին գործարքներ չե՞ն եղել, նա պատասխանեց. «Հիմա դա գաղտնի է, ոչ մի բան պարզ չէ: Մնացածը կերեւա աշխատանքի ընթացքում»:
Իսկ, երբ հետաքրքրվեցինք, թե Տիգրան Արզաքանցյանը հնարավո՞ր է բիզնես գործընկեր դառնա Ռոբերտ Քոչարյանի հետ, գործարարն արձագանքեց. «Ոչ, ոչ , ոչ: Նման բան չկա: Ուղղակի իմ ռուս ընկերը, որ եկել էր, մենք միասին շրջել ենք: Որպես մեր նախկին նախագահ, նորմալ հարաբերությունները պահպանվել են, ուրիշ ոչ մի բան»:
Տիգրան Արզաքանցյանը հավաստիացրեց, որ քաղաքականությանը վերաբերող հարցեր չեն շոշափել: Ինչ վերաբերում է իր անձնական բիզնես գործունեությանը, Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ մինչեւ հուլիսի 2-ը լավ նորություններ կիմանանք: «Հիմա կոնֆիդենցիալ է, կստորագրեմ կվերջացնեմ կասեմ, թե որ ընկերությունն է մտնում Հայաստան եւ ինչ ֆինանսկան ծավալով»,-ամփոփեց նա:


























