ԱԺ ԲԺԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանն իր դեմ կատարված մահափորձի գործով Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ծանուցագիր է ստացել մասնակցելու դատավարությանը, սակայն հրաժարվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ռուստամ Գասպարյանը պատասխանելով հարցին, թե պատարստվո՞ւմ է մահափորձից 6 տարի անց մասնակցել դատավարությանը:
Ռուստամ Գասպարյանի խոսքով, իրեն պետք չի, որ գնա:
Հարցին, թե իրեն չի՞ հետաքրքրում, թե հանցագործությունը պարտակելու մեջ մեղադրվող Ռաֆայել Շահվերդյանին կդատապարտեն, թե` ոչ, նա արձագանքեց. «Ես դատավարության սկզբից էլ չեմ գնացել: Ինձ համար մեկ է կպատժվեն, թե` ոչ: Կատարել են իրենց սխալը, զգացել են` վերեւն էլ Աստված կա»:
Հիշեցմանը, թե ընտրություններից մի քանի օր առաջ իր դեմ մահափորձ կատարող Սամսոն Պողոսյանը, ով դատապարտվել էր 8.5 տարվա ազատազրման, վաղաժամկետ ազատ էր արձակվել, արձագանքեց. «Որ ասեմ դրանով էլ չեմ հետաքրքրվել, հավատացեք, ինձ համար միեւնույնն է նրանց կարդարացնեն, թե կդատապարտեն»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ոչ թե մահափորձի պատվիրատուն է դատապարտվել, այլ ենթակա անձինք, նա ասաց. «Դե բնական է: Խոսք կա չէ՞, ճորտը կռվում է, իսկ ճորտատերը` ճարպոտում»: Վերջինս նաեւ ասաց, որ ինքն իր համար պարզել է, թե ով է պատվիրատուն, բայց խնդրեց անուններ չհարցնել:
Հիշեցնենք, որ 2006թ. ապրիլի 1-ին, երբ Ռուստամ Գասպարյանն իր «Համմեր-2» ավտոմեքենան կանգնեցրել էր Արմավիրի քաղաքային կադաստրի շենքի հարեւանությամբ եւ մտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի տարածքային գրասենյակ, դուրս գալիս «ՎԱԶ-2174» մակնիշի ավտոմեքենայից անհայտ անձն ինքնաձիգով մի ամբողջ պահունակ դատարկել էր Ռուստամ Գասպարյանի ուղղությամբ` մի քանի հրազենային վիրավորումներ հասցնելով նրա ձեռքի եւ ոտքերի շրջանում:
Ավելի ուշ պարզվել էր, որ մահափորձ կատարողն օրեր անց իրավապահներին կամավոր ներկայացած Արմավիրի բնակիչ Սամսոն Պողոսյանն է , ով ԱԺ ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանի որդու ընկերն է:


























