Թերթը զրուցել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ.
ԱՄՆ-ում մայիսի 20-ին տեղի ունեցած ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում, որ կազմակերպել էր Հայ դատի գրասենյակը, հանգանակվեց մոտ 2,2 մլն դոլար: Մարաթոնին իրենց աջակցությունը բերեցին ինչպես ԱՄՆ հայ համայնքի հայտնի գործիչները, այնպես էլ բազմաթիվ պարզ հայ մարդիկ:
Այս հեռուստամարաթոնի ընթացքում ջանացինք համախմբել ողջ ամերիկահայության ուժն ու եռանդը հօգուտ Հայրենիքի եւ Հայ Դատի: Ամերիկահայերի հին ու նոր սերունդների միավորումը հաստատում է, որ Հայ Դատի հանձնախումբը արժեքավոր միջոցներ ունի համայնքի խնդիրներին հետամուտ լինելու համար: Որքան էլ մեր թշնամիները հզոր լինեն, մենք ամենակարող գործընկերներ եւ աջակիցներ ունենք:
Ո՞րն էր հեռուստամարաթոնի նպատակը:
Մեր համայնքների իրավապաշտպան գործունեության աջակցման համար մարդկային եւ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Հայ Դատի գործունեությունը նման է հայոց բանակի արածին: Իհարկե, մենք հայոց բանակի քաջերի պես զոհաբերություններ չենք անում Հայաստանը եւ Արցախը պաշտպանելու համար, սակայն մեր թշնամին էլ պակաս վտանգավոր չէ, մեր մարտահրավերներն էլ պակաս կարեւոր չեն:
Ամենօրյա մեր պայքարի նպատակն է Հայ Դատի հանգուցալուծումը: Դա մեր ազգային անվտանգության կարեւորագույն գրավականներից է:
Ինչի՞ն, ի՞նչ կոնկրետ ծրագրերի է ծառայելու հեռուստամարաթոնի նվիրատվություններից գոյացած հասույթը: Այս գումարներով կֆինանսավորվեն Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի, Բոստոնի, Նյու Յորքի, ԱՄՆ այլ քաղաքների մեր գրասենյակների ծրագրերը:
Ծրագրեր, որոնց բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ հզոր Հայաստան, ազատ Արցախ, ապահով եւ անվտանգ Ջավախք, ինչպեսեւ հասնել Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման:
Այս համատեքստում կցանկանայի նշել, որ եւ Թուրքիան, եւ Ադրբեջանը տարիներ շարունակ նախաձեռնում են միլիոնավոր դոլարների արժողության ծրագրեր` Ցեղասպանության հարցը փակելու համար: Նրանց հնարավորություններն անսահմանափակ են:
Իհարկե, այսօր փոխվել են պայքարի միջոցները, սակայն նույնն է նպատակը` ոչնչացնել Հայաստանը, գրավել Արցախը, պառակտել Սփյուռքը: Իրենց վերջնանպատակին հասնելու համար պաշտոնական Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ են ամեն ինչի:
Մենք չունենք ոչ Թուրքիայի պետական եկամուտները, ոչ էլ Ադրբեջանի նավթային դոլարները, սակայն մեր ունեցածն ավելի արժեքավոր է` պատիվ, հպարտություն, հավատք եւ կամք: Ամեն մեկս մեր ազգի դեսպանն ենք եւ Հայոց հարցի զինվորը:


























