Չելյաբինսկի 6-րդ կլինիկական հիվանդանոցի այրվածքային վերակենդանացման բաժնում մահացել է 34-ամյա Էդուարդ Ղազարյանը, որը Պերմի «Կաղ ձի» գիշերային ակումբի սարսափելի հրդեհի տուժածներից էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ղազարյանի վիճակը բժիշկների կողմից գնահատվում էր որպես ծայրահեղ ծանր, նա մարմնի մակերեսի 90 տոկոս այրվածք էր ստացել:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան տվյալներով, Ղազարյանը Ռուսաստանի քաղաքացի է:

Մյուս տուժած հայը՝ 34-ամյա Պյոտր Նալբանդյանը նախկինի պես բուժվում է Սանկտ Պետերբուրգում: Դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ ողբերգության զոհերի ընդհանուր թիվը հասել է 148-ի:

Նշենք, որ դեռ հիվանդանոցներում են գտնվում 81 տուժածներ, Մոսկվայում՝ 55 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ 19, Չելյաբինսկում՝ 2 եւ Պերմում՝ 5 մարդ:

Հիշեցնենք, որ սարսափելի հրդեհը Պերմի «Կաղ ձի» ակումբում բռնկվել էր դեկտեմբերի 5-ին, ժամը 23։30-ի սահմաններում: