ՀՀ կենտրոնական բանկի ` օրերս հրապարակած «2012թ. մայիս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ»  տեղեկանքի համաձայն` համաշխարհային շուկայում շաքարի գինը այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, նվազել է 7 տոկոսով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների` այս տարվա ապրիլին Հայաստանի խանութներում մեկ կիլոգրամ շաքարավազի գինը կազմել է 455 դրամ, իսկ անցած տարվա ապրիլին` 388 դրամ: Այսինքն`այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում շաքարը էժանացել է է 7 տոկոսով, Հայաստանում թանկացել է 18 տոկոսով: Իհարկե, այդ ընթացքում 6 տոկոսով էլ դրամն է արժեզրկվել, բայց դոլարով արտահայտված շաքարի գինը  Հայաստանում թանկացել է 11 տոկոսով: Մի խոսքով, եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլին մեր խանութներում պետք է արժենար 384 դրամ, ոչ թե 455 դրամ, ինչպես եղել է: Այսինքն` յուրաքանչյուր կգ-ի գինը ուռճացված է 70 դրամով: Ամեն տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում սպառվում է մոտ 100 հազար տոննա շաքարավազ: Յուրաքանրչյուր կգ-ի մեջ  70 դրամ լրացուցիչ եկամուտը  շաքարավազի ներկրմամբ զբաղվող միակ գործարարին բերում է տարեկան 18 միլիոն դոլարի լրացուցիչ եկամուտ:

Իսկ Հայաստան շաքարավազ միակ ներկրողն ու արտադրողը, ինչպես հայտնի դարձավ վերջերս, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինն է»,- գրում է «Հայկական ժամանակը»: