Մայիսի 19-ին Վանաձորի մարզադպրոցի հարեւանությամբ 12 սոճիների հատումը, ոստիկանության փոխանցմամբ, ապօրինի է:
Ըստ այդմ, ծառերը հատել է 49-ամյա Սարգիս Հ.-ն, կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Անատոլի Մխիթարյանը վստահեցրել էր, որ հատումներն օրինական են, տրված է 13 սոճենու հատման թույլտվություն, քանի որ տարածքում առաջիկայում պետք է կառուցվի դահուկային սպորտի համար նախատեսված ճանապարհ, ինչին ծառերն, ըստ նրա, խանգարել են:

«13 ծառ այդ ոլորավայրէջքին խանգարում էր, Վանաձորի քաղաքապետարանի սպորտկոմիտեն դիմել էր «Հայանտառին» դեռ 2011թ-ից, վերջապես «Հայանտառը» տվել է համապատասխան ծառահատման թույլտվությունը»,-ասել էր նա:

Իսկ ահա, տեղացիների ներկայացմամբ, սոճիները հատողներն ասել են, որ ծառերը հատվում են «դահուկային մայրուղի» կառուցելու համար: «Ինձ զանգեցին, ես եկա ու տեսա մեր իշխանությունների վարքը: Այսինքն ով ինչ փաստաթուղթ Երեւանից ստեղծում է, բերում են 50-60 տարվա ծառերը կտրում են մեկի ցանկության համար` մի հատ դահուկային մայրուղի կա էն կողմը, բավական է, հերիք է էդքան տարածքը իրենց»,- NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում դժգոհել էր նախկին անտառապետ Վահան Մխիթարյանը: