Հայաստանի ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում համացանցում հայտնված տեսանյութի կապակցությամբ, որտեղ մի քանի անչափահաս աղջիկներ հայհոյում եւ ծեծում են իրար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Վերջինս գործի վերաբերյալ այլ տեղեկություններ չհայտնեց:
Ինչպես ավելի վաղ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտնել էր NEWS.am-ին, տեսանյութը, որտեղ երկու դեռահաս աղջիկներ, ովքեր անպատվում են իրար ամենալկտի հայհոյանքներով, իսկ նրանց կողքին գտնվող տղաները որոնցից շատերի հասակը դեռ կարճ է աղջիկներից, կողքից հրճվում են, նկարահանվել է 2011 թվականի ապրիլին, իսկ տեսանյութի «հերոսուհիները» Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 102 դպրոցի սաներ են։
«Այս պահին երեխաները հարցաքննվում են ոստիկանությունում, ոստիկանություն են հրավիրվել եւ դասղեկը եւ երեխաների ծնողները»,- տեղեկացրել էր Հովհաննիսյանը, նշելով, որ աղջիկներից մեկն արդեն ավարտել է դպրոցը:
Նրա խոսքով` թեեւ տեսանյութը մեկ տարվա վաղեմության է, սակայն դա որեւէ նշանակություն չունի:
Ավելի վաղ NEWS.am-ն անդրադարձել է այդ միջադեպին:




























