Հայաստանում կարի արտադրողները շուկայում չինական եւ թուրքական կարի արտադրողների հետ մրցակությանը չեն դիմանում, որովհետեւ սեփական հումք չունեն, իսկ այլ շուկաներից դրանց ձեռքբերման եւ տեղափոխման դեպքում կարի արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարազրույցում տեղեկացրեց «Բազում» կարի ֆաբրիկայի տնօրեն Յուրի Մելիքյանը՝ ավելացնելով, որ հայաստանյան կարի արտադրանքի իրացման հիմնական շուկան Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրներն են։ Ըստ նրա՝ իր ղեկավարած ընկերությունը 10 տարի ԱՄՆ է արտահանել մոտ 5 մլն վերնաշապիկ։ «Մեծ Բրիտանայի հետ էլ արդեն պայմանագիր ունենք, մոտ 50 հազար կարի արտադրանք»,- վստահեցրեց գործարարը։
Հարցին, թե ինչու Հայաստանում հայկական կարի արտադրանք չի վաճառվում, նա պատասխանեց, որ վաճառք իրականացվում է, բայց տեղական սպառողը հայրենական արտադրանքը չի շտապում գնել։ «Հայաստանում խնդիրը հոգեբանական է, սպառողները գերադասում են գնել թուրքական կամ չինական արտադրանքը, որոնք հիմնականում կեղծ պիտակներով են եւ որակով զիջում են հայկական արտադրանքին, բայց սպառողների համար կարեւոր է, որ արտասահմանյան է»,- նշեց կարի ֆաբրիկայի տնօրենը՝ ավելացնելով, որ փոխարենը իրենց արտադրանքը արտասահմանում պահանջարկ ունի։
Ըստ նրա՝ կարի արտադրանքով զբաղվող ընկերությունների զարգացման համար անհրաժեշտ է մոտակա շուկաներ մուտք գործել։ «Մենք ռուսական շուկան նվեր ենք տվել չինացիներին եւ վիետնամցիներին, եւ ոչինչ չենք կարողանում անել այն վերադարձնելու համար»,-ասաց գործարարը՝ նկատելով, որ խնդրին պետք է պետական մակարդակով անդրադառնալ։ Ըստ նրա, եթե հարկային որոշակի արտոնություններ տրվեն հայաստանյան կարի արտադրողներին, ապա նրանք հաջողությամբ կկարողանան մրցակցել չինական արտադրանքի հետ։ «Հայկական արտադրության շորերը ավելի որակով են, որոշակի արտոնության դեպքում հնարավոր է հաջողությամբ մրցակցել ռուսական շուկայում գերիշխող չինական արտադրողների հետ»,- ասաց Յու. Մելիքյանը՝ ավելացնելով, որ ռուսական շուկա մուտք գործելու դեպքում նաեւ հնարավորություն կստեղծվի զգալիորեն լուծել գործազրկության խնդիրը։




























