«Երեւանի մերձքաղաքային ուղեւորատար ավտոտրանսպորտային» ընկերության սնանկության գործով կառավարիչ Գ. Ավագյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության)` գումարի բռնագանձման պահանջով:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Նշենք, որ «Երեւանի մերձքաղաքային ուղեւորատար ավտոտրանսպորտային» ԲԲԸ-ն պետական սեփականությամբ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերություն էր: Գոյացած պարտքերի (մոտ 40 մլն դրամ) պատճառով ընկերության բաժնետոմսերի մի մասը 2005 թ. մասնավորեցվեց աշխատանքային կոլեկտիվին, սակայն ընկերության ֆինանսական վիճակը չառողջացավ: 2008 թ. դեկտեմբերին կառավարությունը որոշեց լուծարել ընկերությունը, սակայն մինչ սնանկության գործընթաց սկսելը ընկերությանը թույլատրեցին գույք եւ հողատարածք վաճառել ԱԱԾ-ին: 15 մլն դրամ գնահատմամբ` ԱԱԾ-ն ստացավ Նուբարաշենի խճուղի 9 հասցեում գտնվող 2297.1 հա հողատարածքը` զբաղեցված 3 շենք-շինություններով հանդերձ:
Սակայն ինչ-ինչ պատճառներով սնանկության փուլ մտած ընկերությունը արդեն երրորդ տարին է` չի ստացել նշված 15 մլն դրամը` պարտատերերին վճարելու համար, ինչն էլ դատական հայցի հիմք է հանդիսանում: Այստեղ զավեշտն այն է, որ հիմնական պարտատերը հանդիսանում է պետական բյուջեն:
ՀՀ կառավարությունում հարցի հետեւյալ լուծումն են առաջարկել. ԱԱԾ-ն կվճարի այդ 15 մլն դրամը, սակայն դա պետք է անի իր աշխատակիցների աշխատավարձային ֆոնդի տնտեսումների հաշվին: Դրանից հետո լուծարային կառավարիչը ստացած գումարը կփոխանցի պետական բյուջեին` հարկային չմարված պարտավորությունների դիմաց:




























