Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին: Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գեւորգյանին համատեղ եւ արդյունավետ աշխատանքի համար՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելով եւ դադարեցնելով վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները, Արթուր Գեւորգյանն իր հետագա գործունեությամբ եւս կշարունակելի ակտիվորեն աջակցել բնակչության ու վարչական շրջանի խնդիրների լուծմանը:

Քաղաքապետը նաեւ ընդգծել է, որ  վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, որպես Երեւանի ավագանու անդամ ակտիվ գործունեություն է ծավալել տեղական ինքնակառավարման համակարգում եւ իր նպաստն է ունեցել համայնքային ծրագրերի մշակման աշխատանքներում: Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ, ձեւավորված թիմային աշխատանքի ավանդույթները շարունակելով, Դավթաշեն վարչական շրջանը կարող է դառնալ լավագույն եւ օրինակելի վարչական շրջաններից մեկը:

«Վերջին տարիներին դրական տեղաշարժերը Դավթաշեն վարչական շրջանում ակնհայտ են եւ այդ գործում իր լուման ունի աշխատակազմի անդամներից յուրաքանչյուրը: Արձանագրված հաջողություններն առաջին հերթին գնահատվում են բնակչության կողմից, բայց դրանով պետք չէ բավարարվել: Հետեւողական ու սրտացավ աշխատանքի շնորհիվ պետք է հետամուտ լինել ոչ միայն վարչական շրջանի ամենօրյա խնդիրները լուծմանը, այլեւ զարգացման կոնկրետ ծրագրերի իրականացմանը»,- բարի երթ մաղթելով պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին` նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաեւ շեշտել է, որ քաղաքային տնտեսության զարգացման եւ համայնքային նշանակության մի շարք ծրագրերի իրականացման ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան եւ վարչական շրջանի աշխատակազմը պետք է կրկնապատկի  ջանասիրությունն ու ներդրումն աշխատանքում, որպեսզի բնակչության համար ապահովվի հարմարավետ միջավայր`բարեկարգ բակից մինչեւ փողոց ու հրապարակ: