Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության (ԹԱՇԴՊՎ) պետ Սերոբ Հարությունյանը եւ նրա նախկին տեղակալ Ալեքսանդր Բերեզովսկին հերքում են միմյանց մեջ կոնֆլիկտի առկայությունը, ինչն էլ վերջինիս աշխատանքից ազատման պատճառ է հանդիսացել:

ՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ պետի  նախկին տեղակալ Ալեքսանդր Բերեզովսկին, ով դարպասապահ Ռոման Բերեզովսկիի եղբայրն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է այդ մասին լսում: «Ես չեմ ազատվել, ես հանգստանալու եմ գնացել»,- ասաց նա: Այլ մանրամասներ չհաջողվեց պարզել, քանի որ կապն ընդհատվեց, իսկ հետո նա մեր զանգերին այլեւս չէր պատասխանում:

Իսկ ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ պետի պաշտոնում նշանակված Սերոբ Հարությունյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում եւս հերքեց կոնֆլիկտի առկայությունը, բայց չցանկացավ նշել, թե որն է նրա` աշխատանքից ազատման պատճառը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ:

NEWS.am-ի տեղեկություններով, մինչ այդ ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը եղել է Ալեքսանդր Բերեզովսկին, ով դարպասապահ Ռոման Բերեզովսկիի եղբայրն է: Ա. Բերեզովսկին օրերս է ազատվել այդ պաշտոնից:

Մեր տեղեկությունների համաձայն Բերեզովսկիի աշխատանքից ազատման խնդիրն ի հայտ է եկել, երբ շուրջ մեկ ամիս առաջ ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ պետի պաշտոնում նշանակվել է Սերոբ Հարությունյանը: Հենց նրա հետ եղած խնդիրներն են եղել Բերեզովսկիի ազատման պատճառը:

Նշենք, որ Սերոբ Հարությունյանը մինչ այդ պաշտոնում նշանակվելը եղել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետը: