Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, մայիսի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի է ունեցել Ամերիկյան Կարմիր Խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Կլարա Բարտոնի տուն-թանգարանը ներկայացնող պատմաբան Քեւին Փաթին:

Տեղի է ունեցել նաեւ 1896թ. Կլարա Բարտոնի կազմած զեկույցի «Ամերիկյան Կարմիր խաչի նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիայում» անգլերեն եւ հայերեն գրքերի շնորհանդեսը: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցության շնորհիվ:

Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդի որոշմամբ «Երախտագիտություն» անվանակարգով թողարկվել է Կլարա Բարտոնին նվիրված ոսկե հուշամեդալ, ինչպես նաեւ հիշատակի անվանական բացիկ: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հուշամեդալներով պարգեւատրել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին, բարտոնագետ Քեւին Փաթիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, ինչպես նաեւ ի նշան հայ-ամերիկյան բարեկամության՝ ԱՄՆ դեսպանության միջոցով ոսկե մեդալներ կհանձնվեն ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:

Բացվել է նաեւ ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Կլարա Բարտոնին: Այնուհետեւ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ Կլարա Բարտոնի գերեզմանից բերված հողի ամփոփման եւ հուշատախտակի տեղադրման հանդիսավոր արարողություն: