Լոռիի մարզում չդադարող անրձեւները լուրջ դժվարություններ են առաջացնում հողագործության ոլորտում, մասնավորապես հորդառատ անձրեւների պատճառով ուշանում է հողերի ցանքսը: Գյուղացիների խոսքով, իրենք այս ամսին արդեն պետք է ավարտած լինեին կարտոֆիլի ցանքը, սակայն եղանակներն իրենց խանգարում են: «Անձրեւները էկան ու էկան, հողը ամբողջությամբ ցեխ է, չենք կարողանում մտնենք ցանենք, որ գոնե աշունը մի օգուտ ունենանք»,-պատմում են նրանք: Նույն իրավիճակն է նաեւ մարզի Ջրաշեն համայնքում, որը ավելի շատ զբաղվում է կարտոֆիլի եւ կաղամբի աճեցմամբ:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյանն ասաց, որ մինչ այս պահը գյուղում ցանվել է մոտ 80 հա կարտոֆիլ, ցանելու ենթակա է եւս մոտ 30 հա: Գյուղապետի փոխանցմամբ, նախորդ տարի կարտոֆիլի առատ բերք է ստացվել, գյուղացիներն իրացման հետ կապված խնդիրներ չեն ունեցել, իսկ այ կաղամբի հարցում ջրաշենցիները լուրջ վնասներ են կրել: «Կաղամբի բերքի մոտ 50 տոկոսը փչացավ, գյուղացին չկարողացավ իրացնել, մնաց իրենց վրա»,-ասաց նա:
3600 բնակիչ ունեցող Ջրաշեն համայնքի համար եւս մինչ օրս լուրջ խնդիր է գյուղտեխնիկայի բացակայությունը, պարարտանյութի ու դիզվառելիքի բարձ գները: «Ամեն ինչն էլ այսօր գյուղացու համար խնդիր է»,-ամփոփեց նա:































