Վերջին օրերին Վանաձորում չդադարող հորդառատ անձրեւները լուրջ խնդիրներ են առաջացնում վարորդների համար: Կան փողոցներ, որոնք չունեն ջրահեռացման համակարգեր, ինչը տեղումների ժամանակ փողոցներից շատերը գետի է վերածում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը եւս հաստատեց, որ հեղեղատարերի բացակայություն իսկապես կա, եղածներն էլ հորդառատ անձրեւների ժամանակ հաճախակի խցանվում են: «Օրական 1-3 անգամ մաքրում են, բայց դե անձրւեւներն իրենց հետ մեծ քանակությամբ հող ու ավազ են բերում, ինչն էլ խցանումներ է առաջացնում համակարգում»,-ասաց նա, հավելելով, որ սելավատարերի բացակայությունը հիմնականում ծայրամասային փողոցներում է:

Անդրադառնալով Վանաձորի Բաղրամյան պողոտայով հոսող անձրեւաջրերին, որոնք շատ հաճախ լցվում են սեփական տների նկուղները, թաղամասը վերածելով իսկական քաոսի, Մելիքյանը նշեց, որ խնդրին ինքը տեղյակ է, արդեն իսկ հանձնարարվել է աշխատանքներ իրականացնել ջրի հոսքի ուղղությունը փոխելու համար:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի