2011 թվականի սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով անցնող 19-ամյա Քյարամ Ամոյանի ինքնազգացողությունը քրեակատարողական հիմնարկում վատացել է եւ նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, ապա` 1-ին համալսարանական հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով, բժիշկների մոտ խորհրդակցություն է եւ, հնարավոր է, որ վիրահատության անհրաժեշտություն լինի:
Հարցին, թե խոսքը գլխի՞ վիրահատության մասին է, նա պատասխանեց. «Կարծում եմ այո»:
Իսկ Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը, փոխանցեց, որ որդուն 1-ին համալսարանական կլինիկայից ներկա պահին տեղափոխում են Էրեբունի հիվանդանոց: Վերջինս ահազանգում է, որ ոչ միայն իր որդու անմեղության կանխավարկածն են դրել զոհասեղանին, այլեւ կյանքը, եւ պահանջում էր պատկան մարմինների ուշադրությունն այս խնդիրն:
Հիշեցնենք, որ նա դեռեւս ամիսներ առաջ էր դիմել դատախազություն խնդելով, որ որդուն գրավով ազատ արձակեն, որ վիրահատվի: Հարկ է նաեւ նկատել, որ 19-ամյա Քյարամն ամիսներ առաջ ինսուլտ էր ստացել եւ դժվարությամբ է հաջողվել փրկել նրա կյանքը:
Այս պահի դրությամբ միայն ՄԻՊ գրասենյակից են արձագանքել նրանց ահազանգին:




























