Մասիսի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգներից Մհեր Ենգիբարյանին օրերս հերթական անգամ հրավիրել են հարցաքննության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Մհեր Ենգիբարյանը, ով նաեւ «Էլեն» բարեգործական հիմնադրամի եւ նույնանուն մանկատան հիմնադիր տնօրենն է եղել:

Հիշեցնենք, որ 2012թ-ի մարտին Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ օպերատիվ տվյալներ իրացնելիս ոստիկանության Մասիսի բաժին է հրավիրվել 41 ամյա մի կին, ով հայտարարել է, թե 2005թ-ին հղիացել է ու դեռ չծնված երեխային վաճառել 300 դոլարով, իսկ գործարքը կյանքի է կոչվել երեխայի ծնվելուց հետո: Երեխային գնելու մեջ մեղադրվում է Մհեր Ենգիբարյանը:

Մհեր Ենգիբարյանը նշեց, որ ինքը շարունակել է պնդել, որ մեկ ամսով այդ կինը  ժամանակավոր երեխային հանձնել է իրենց մանկատուն, սակայն հետո եկել դիմում է գրել ու հրաժարվել երեխայից: Այնինչ` Մհեր Ենգիբարյանի տեղեկություններով, այդ  կինն իր հերթական հարցաքննության ընթացքում ասել է, թե այդ գումարը օգնության կարգով է խնդրել, բայց Մհեր Ենգիբարյանը նման բան էլ չի հիշում:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ավելի վաղ Մհեր Ենգիբարյանը հավաստիացրել էր, որ ցանկանում են իր դեմ շինծու գործ սարքել եւ ինքը կարող է առաջիկայում դա հիմնավորող փաստեր բերել: Հարցին, թե ո՞վ է ուզում իր գլխին նման գործ սարքել, բժիշկը պատմել էր, որ նմանատիպ մի գործ էլ 2007թ-ին է հարուցվել իր դեմ: Այն կինը, ով իր դեմ կեղծ ցուցմունք է տվել, իրեն 7 հազար դոլար է պարտք եղել, սակայն անցյալ տարի գործը դատարանով շահել է Մհեր Ենգիբարյանը եւ գումարները հետ է վերցրել:

«Կեղտ էին ուզում սարքել ինձ վրա, որ գումարը հետ չտային: Ինձ թվում է, որ այս մեղադրանքը ծագել է հենց նրանից, որ ցանկանում են վրեժխնդիր լինեն»,- ավելի վաղ կարծիք էր հայտնեց գինեկոլոգը: Ենգիբարյանը «Էլեն» հիմնադրամի եւ մանկատան տնօրենն է եղել:

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է գինեկոլոգի աշխատավարձով բարեգործական հիմնադրամ ստեղծել, մանկատուն պահել եւ արդյոք մանկատուն ստեղծելու նպատակը երեխաների առք ու վաճառքով զբաղվելը չի եղել, Ենգիբարյանն արձագանքել էր. «Ես այդ մանկատունը բացել եմ այն ժամանակ, երբ արտասահմանում ընդհանրապես որդեգրումներ չկային: Ես դա բացել եմ իմ մահացած աղջկա անունով: 2003թ-ից հետո են թույլատրել դրսի որդեգրումները եւ հարցերը ծագել են այդ տարիներին: Իսկ որդեգրման հարցերով ես չեմ զբաղվել, դրանով կառավարությունն ու դատարանն են զբաղվում, եթե դրսի հետ է կապված: Ես մանկատան պահողն ու ֆինանսավորողն եմ եղել: Ինչպես նաեւ դրսից ընկերներն են օգնել: Ես բիզնեսներ ունեմ Հայաստանում եւ Ուկրաինայում, որտեղ 15 տարի ապրել եւ սովորել եմ: Տղաս Լոնդոնում խոշոր հիմնարկի տնօրեն է»: