Եթե հերթը հասնի նրան, որ պետք է քրգործ հարուցվի 102 միջնակարգ դպրոցում դեռահաս աղջիկների ծեծկռտուքի կապակցությամբ, ապա կհարուցվի, իսկ եթե չհարուցվի, ուրեմն կիրազեկվի, որ հետեւյալ հիմքերով քրգործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործը քննող քննիչ Արմեն Խաչատրյանն` արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե ինքը ծեծվող աղջկան ասել է, որ գործը գտնվում է նախագահականի վերահսկողության վարչության աչալուրջ հսկողության ներքո, հետեւաբար` գործը պետք է շատ արագ քննվի ու «ջրվի»: Դրա արդյունքում, տուժած աղջիկն, իբր, գնացել է ոստիկանության բաժին եւ գրել այն ամենը, ինչ իրեն թելադրել են, իսկ դրանից առաջ ծեծի հեղինակ աղջիկներից մեկը զանգահարել է իր «զոհին», սպառնալիքներ հնչեցրել եւ ասել, որ եթե նրան ոստիկանություն կանչեն, անպայման ասի, որ այդ ամենը անցյալում է, որեւէ խնդիր այլեւս չկա, բոլոր խնդիրները հարթվել են:

«Գործը ջրելը ո՞րն է: Հիմա նախաքննություն է  ընթանում եւ նախաքննության ադյունքում պարզ կլինի գործի հետագա ընթացքը: Գործ ջրելը ժողովրդի մեջ մտած արտահայտություն է, նման բան գոյություն չունի: Հենց այնպես ոչ մի բան չի ջրվում, թղթեր կան, իսկ ես ինքնագլուխ գործունեություն չեմ ծավալում: Ինչ վերաբերում է  ներկա փուլին, ապա  շարունակվում է քննությունը եւ ոչ մի բան այս պահին գործի շահերից ելնելով չեմ կարող ասել»,-ասաց քննիչը:

Նա հերքեց նաեւ լուրը, թե ասել է, որ գործը գտնվում է նախագահականի վերահսկողության վարչության աչալուրջ ուշադրության կենտրոնում: «Շատ մարդ շատ բան կարող է ասել»,-ասաց նա:

Հարցին, թե հետաքրքրվե՞լ են, արդյոք, թե տուժողին իսկապես ծեծող կողմը սպառնացել է, թե` ոչ, քննիչը պատասխանեց. «Դուք արդեն գործի մանրամասների մեջ եք մտնում: Գործի շահերից ելնելով չեմ կարող այդ հարցերին պատասխանել»: Նա չկարողացավ պատասխանել նաեւ հարցին, թե գործի նախաքննությունը երբ  կավարտվի` շաբաթներ, թե ամիսներ անց, պատճառաբանելով, որ դեռ մարդիկ կան, ովքեր պետք է հարցաքննվեն:

Իսկ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ներկա պահին միակ ինֆորմացիան, որ կարող է տալ, դա այն է, որ գործը գտնվում է նախաքննության փուլում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն երրորդ անգամ տեսանյութ է տարածվում, որտեղ դեռահաս աղջիկները դաժանաբար ծեծում են իրար եւ հայհոյում: NEWS.am-ի թղթակիցն այցելել էր նաեւ  Երեւանի թիվ 102 դպրոց, որտեղ տեղի էր ունեցել իրար դաժանաբար ծեծող եւ հայհոյող աշակերտուհիների հետ կապված միջադեպը եւ որի տեսահոլովակն արդեն մի քանի օր է` համացանցում մեծ քննարկումների առիթ է հանդիսացել: Աջափնյակի թիվ 102 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում պատմել էր, որ նման միջադեպեր ընդհանրապես այս դպրոցում չեն եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել հավանաբար մեկ տարի առաջ, որի մասին ինքը տեղեկացել է երկու օր առաջ, երբ տարածվել է այդ տեսանյութը: Տեսանյութում ծեծող աղջիկը` Մ. Ե-ն այդ դպրոցի աշակերտուհիներից է, իսկ ծեծվողը` Ք.Պ.-ն, ավարտել է նույն դպրոցը: Տնօրենը երկու սաներին էլ ճանաչում է եւ պնդում, որ նրանք երբեւէ կոնֆլիկտ չեն ունեցել: «Նա ուսման հանդեպ անտարբեր էր, ձգտում չուներ, չէր գալիս դպրոց,  հետաքրքրություններն այլ էր, դպրոցը չի էլ ավարտել, վկայական չի ստացել, 17 տարին լրացել է, 2011թ սեպտեմբերի առաջին շաբաթը ծնողների դիմումի հիման վրա ազատվել է դպրոցից, տեղեկություն չունեմ, թե հիմա ինչով է զբաղվում»,- բնութագրելով ծեծվող աղջկան` Ք.Պ.-ին` ասել էր նա:

Միջադեպին «թամաշա» անող տղաներն էլ դպրոցի արդեն նախկին սաներից են, ծեծվողի դասընկերները, ովքեր նկարահանում էին կռիվը եւ կրակի վրա յուղ լցնում: Իսկ ծեծող աղջիկը` Մ. Ե-ն, այս տարի է ավարտում դպրոցը, սովորում է 9-րդ դասարանում: «Մեզ համար անակնկալ էր նման տեսանյութը, որովհետեւ նրան ճանաչելով` բացարձակապես այդ կարծիքը չունենք նրա մասին: Դպրոցում նա իրեն շատ լավ է պահում, շատ նորմալ, շնորհքով, դասերից գրեթե չի բացակայում, վատ չի սովորում, միջին կարողությունների տեր աշակերտուհի է, պահվածքն էլ նորմալ, ապշած եմ, որ դա այդ աղջիկն է»,- ասել էր նա: Տնօրենը տեղեկացրել էր, որ այս երեխան տատիկի հոգածության ներքո է, ով շատ հետեւողական է, պարբերաբար գալիս, գնում է դպրոց, հետաքրքրվում է նրանով եւ այս միջադեպի հետ կապված բավականին բարկացել է եւ ասել, որ կպատժի թոռնուհուն: Իսկ նրա ծնողներն ամուսնալուծված են:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը