2011թ-ի սեպտեմբերի 23-ին վնասազերծված Բանդայի գործով անցնող Եզդի Ճակոյի քրոջ որդու 19-ամյա Քյարամ Ամոյանը ուղեղի երկրորդ կաթվածն է տարել, նրան վիրահատություն է անհրաժեշտ, ինչի համար 10 հազար դոլար է պահանջվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը, հավելելով, որ նման հնարավորություն իրենք չունեն եւ մայիսի 29-ին, եզդիներով բողոքի ակցիա են անցկացնելու երկրի նախագահի նստավայրի մոտ:
«10 հազար դոլար են պահանջում Քյարամի վիրահատության համար, իսկ ես այդ գումարը չունեմ: Ես պահանջում եմ, որ պետությունն այդ գումարը վճարի, իսկ եթե ոչ, թող գրավով որդուս ազատ արձակեն, որ բուժման տանեմ»,- ասաց Կարինե Ամոյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2011 թվականի սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով անցնող 19-ամյա Քյարամ Ամոյանի ինքնազգացողությունը քրեակատարողական հիմնարկում վատացել է եւ նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, ապա` 1-ին համալսարանական հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով, բժիշկների մոտ խորհրդակցություն է եւ, հնարավոր է, որ վիրահատության անհրաժեշտություն լինի: Իսկ Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը ահազանգել էր, որ ոչ միայն իր որդու անմեղության կանխավարկածն են դրել զոհասեղանին, այլեւ կյանքը, եւ պահանջում էր պատկան մարմինների ուշադրությունն այս խնդիրն:Հիշեցնենք, որ նա դեռեւս ամիսներ առաջ էր դիմել դատախազություն խնդելով, որ որդուն գրավով ազատ արձակեն, որ վիրահատվի: Հարկ է նաեւ նկատել, որ 19-ամյա Քյարամն ամիսներ առաջ ինսուլտ էր ստացել եւ դժվարությամբ է հաջողվել փրկել նրա կյանքը:




























