Լոռիի մարզի Դարպաս համայնքի  երկու կամուրջներին սպառնում է փլուզման վտանգ: Դեռ տարիներ առաջ Դարպասի համայնքապետ Սամվել Ավեյանը խնդրի մասին տեղեկացրել մարզպետարանի պատասխանատուներին, այնուհետեւ` արդեն կառավարությանը:  Գյուղի երկու գլխավոր վթարային վիճակում գտնվող ճանապարհներից մեկում այս տարի  գրանցվել են քարաթափման բազմաթիվ դեպքեր  ու հողահոսքեր: Այդ ամենեը հարուցել է դարպասեցիների մոտ դժգոհություն: Նրանց գնահատմամբ` կամուրջները կհիմնանորոգեն  միայն այն ժամանակ, երբ որեւէ դժբախտ պատահար կգրանցվի:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Դարպասի գյուղապետ Սամվել Ավետյանն ասաց, որ դեռ տարիներ առաջ եկել ու կազմել են նախահաշիվ` ամեն մեկի համար մոտ 30 մլն դրամի չափով, սակայն ամիսներ անց գրություն է եկել, որտեղ նշվել է, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքով անորոշ ժամանակով հետաձգվում է վերանորոգումը: «Ճանապարհները վտանգավոր են, սողանքներն էլ իրենց հերթին: Կամուրջները հիմա  կարող են 30 մլն. դրամով փրկել, վաղը եթե փլվեցին, 300 մլն անհրաժեշտ կլինի»- նշեց նա:

Դարպաս համայնքի ղեկավարի խոսքով` ճանապարհների վերանորոգման համար եւս կպահանջվի մեծ գումար: Գյուղը չունի համայնքի կենտրոն, չկա գրադարան. «Մենք եկել ենք մանկապարտեզի շենքում տեղավորվել, ակումբը խիստ անհրաժեշտություն է գյուղի համար, առաջին հերթին  գյուղին համայնքի կենտրոն  է անհրաժեշտ»,-հավելեց Սամվել Ավետյանը:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի