Հին դարերում ազգի հարստությունը չափում էին դաշտերի բերրիությամբ եւ թագավորների ու իշխանների պերճանքով: 20-րդ դարում ազգի հարստությունը որոշվում էր ընդերքի հարստությամբ: 21-րդ դարում հարուստ են այն ազգերը, որոնք ավելի շատ եւ ավելի արդյունավետ են աշխատում: Հենց ծախսված մարդկային էներգիան է հանդիսանում քաղաքակրթության շարժիչ ուժը: Մենք, հայերս, սիրում ենք հպարտանալ մեր աշխատուժով: Դրա համար, անշուշտ, հիմքեր ունենք: Բայց փաստ է նաեւ, որ աշխատանքի արտադրողականությամբ մենք հետ ենք մնում եվրոպական ազգերից: Նույնիսկ ԱՊՀ երկրների համեմատ առաջատար չենք: Դրա հիմնական պատճառը տնտեսության տարբեր ոլորտներում աշխատանքի արտադրողականության մակարդակների միջեւ առաջացած կտրուկ խզումն է:
Հայաստանում տնտեսությունում զբաղված է մոտ 1.2 մլն մարդ, որոնցից յուրաքանչյուրին 2011 թ. բաժին է ընկնում 3.2 մլն դրամի (մոտ 8.6 հազ. դոլար) արտադրողականություն: Սա շատ ցածր ցուցանիշ է` Արեւմուտքում այն համարյա ամենուրեք գերազանցում է 50 հազ. դոլարի մակարդակը, իսկ զարգացած երկրներում մոտենում է 100 հազ. դոլարին: Ռուսաստանում մոտ 30 հազ. դոլար է:
Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում զբաղվածների ամենամեծ հատվածը գտնվում է գյուղատնտեսությունում, սակայն այս ոլորտն ապահովում է ՀՆԱ-ի ընդամենը 13-15%-ը: Այսպես` գյուղատնտեսությունում զբաղված է մոտ 430 հազ. մարդ, կամ զբաղվածների ընդհանուր թվի մոտ 35%-ը: Այսինքն, գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը մոտ երեք անգամ գերազանցում է արդյունաբերությունում զբաղվածների թվին (մոտ 145 հազ. մարդ): Միջին հաշվարկներով` յուրաքանչյուր գյուղացի տարեկան ստեղծում է մոտ 2 մլն դրամի (մոտ 5 հազ. դոլար) արտադրանք, որը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ ամենացածրն է: Համեմատության համար` Ռուսաստանում 1 գյուղացուն բաժին է ընկնում մոտ 12 հազ. դոլարի արտադրանք, իսկ ԱՄՆ-ում` 135 հազ. դոլարի (ԱՄՆ-ում գյուղատնտեսությունն ավելի արտադրողական է, քան արդյունաբերությունը): Հայաստանի գյուղատնտեսության արտադրողականության ցածր մակարդակն ազդում է տնտեսության արտադրողականության ընդհանուր մակարդակի վրա: Սա գուցե շատերին զարմանալի թվա. գյուղացու աշխատանքն ամենածանրերից մեկն է: Սակայն այն սեզոնային է` գյուղացին աշխատում է ընդամենը 8 կամ 9 ամիս: Այստեղ առկա է մշտական թերբեռնվածություն, քանի որ ձմռանը պարապ մնացած գյուղացին որպես կանոն աշխատանք գտնել չի կարողանում:
Զբաղվածների թվով հանրապետությունում երկրորդ տեղում է առեւտրի եւ սպասարկումների (ռեստորանային բիզնես, հյուրանոցներ, ավտոմեքենաների վերանորոգում, տրանսպորտ եւ կապ) ոլորտը: Զբաղվածներից 200 հազարը գտնվում են հենց այստեղ: Սա թերեւս այնքան էլ զարմանալի չէ` ոլորտը դինամիկ աճում է եւ ՀՆԱ-ում ունի ամենամեծ տեսակարար կշիռ:
Մտահոգություն է առաջացնում արդյունաբերությունում զբաղվածների տեսակարար կշռի նվազումը վերջին տարիներին: Եթե 2001 թ. արդյունաբերությանը բաժին էր ընկնում զբաղվածների ընդհանուր թվաքանակի 17.4%-ը, ապա 2011թ.` արդեն 10%-ը: Սակայն նշենք, որ վիճակագրությունն այս տարիներին արդյունաբերության անկում չի արձանագրել, ինչը նշանակում է, որ այս ոլորտում արտադրողականության աճ է տեղի ունեցել: Միջին հաշվարկներով` արդյունաբերությունում մեկ զբաղվածն ապահովում է տարեկան մոտ 4-5 հազ. դոլարի արտադրողականություն:
Շինարարությունում ներկայում մոտ 70-80 հազ. մարդ է զբաղված: Դա կրկնակի գերազանցում է 2001 թ. մակարդակը, սակայն էապես զիջում է նախաճգնաժամային 2008 թ. 100 հազարի ցուցանիշին: Ի դեպ` շինարարությունն է հանդիսանում Հայաստանի տնտեսության ամենաարտադրողական ոլորտը (1 շնչին բաժին ընկնող արտադրանքի ծավալով): 2011 թ. յուրաքանչյուր շինարար իրականացրել է մոտ 6.5 մլն. դրամի (մոտ 17 հազ. դոլար) աշխատանք, որը Հայաստանի պարագայում ռեկորդ է:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը ցուցադրում է արտադրողականության աճի միտումներ, սակայն տնտեսության տարբեր ոլորտներում դրանք տարբեր կերպ են դրսեւորվում:
Սամվել Ավագյան




























