Տավուշի մարզում, մայիսի 29-ին, երեկոյան ժամը 19:20-ի սահմաններում հորդառատ անձրեւ է տեղացել մարզի մի շարք գյուղական համայնքներում: Ինչպես հայտնում է Տավուշի մարզի մեր թղթակիցը, որոշ համայքներում անձրեւն ուղեկցվել է նաեւ կարկտահարությամբ:

Վնասվել են մարզի Այգեձոր, Չինարի, Նորաշեն, Արծվաբերդ, Տավուշ եւ վերին Կարմիր Աղբյուր գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածությունները:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում, Տավուշի մարզպետարանի լրատվության բաժնի պետ Անի Մելիքսեթյանը տեղեկացրեց, որ համայնքներում ստեղծվել են տեղական հանձնաժողովներ` մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ներկայացուցիչների գլխավորությամբ, ովքեր տեղում պարզում են հասցված վնասի չափերը:
Անի Մելիքսեթյանի խոսքով, դեռ վաղ է նշել, թե կոնկրետ որ համայնքում ինչ է վնասվել, եւ ինչքան վնաս է պատճառվել գյուղացուն:

«Կան համայքներ, որտեղ տուժել են խաղողի այգիները, պտղատու ծառերը, համայնքներ էլ կան, որտեղ գարու եւ ցորենի արտերն են վնասվել»,-ասաց նա, հավելելով, որ վնասները եղել են ոչ միայն կարկուտի, այլ նաեւ հորդառատ անձրեւի հետեւանքով  առաջացած հեղեղների պատճառով:

Նման իրավիճակ այս պահին ստեղծված է կոնկրետ Տավուշի մարզի Չինարի գյուղում: