Այսօր` մայիսի 30-ին, ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ ՀՀ ոստիկանությունում կազմակերպվել էր հանդիպում` Հայաստանի մայրաքաղաք Երեւանում հունիսի 1-ից ներդրվող համայնքային ոստիկանության նոր մոդելի վերաբերյալ:
«ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն արդեն մի քանի տարի աջակցում է Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի` որպես ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի ներդրմանը եւ իրագործմանը: ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի իր աջակցությունը Երեւանում նոր մոդելի կիրառման գործում»,-նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն:
Նախատեսվում է ստեղծել համայնքային ոստիկանական ստորաբաժանումներ քաղաքում, որտեղ կներգրավվեն մոտ 300 ոստիկանններ: ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ, մարտին կազմակերպվել են երեքշաբաթյա գործնական դասընթացներ համայնքային ոստիկանությունում ներգրավված ոստիկանների համար:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հավելել է. «Համայնքային ոստիկանությունը ոստիկանական գործունեության յուրահատուկ ուղղություն է, որը հիմնված է ոստիկանության եւ համայնքի սերտ համագործակցության վրա եւ նպատակ ունի արդյունավետորեն լուծելու համայնքի խնդիրները եւ նրան մատուցել որակյալ ոստիկանական ծառայություն»:
Այսօրվա միջոցառման ընթացքում Երեւանի ոստիկանական բաժինների եւ լրատվամիջոցներին ներկայացվել են «Համայնքային ոստիկանության ոլորտում ներգրավված ոստիկանության աշխատակիցների համար ուղեցույցը», որը մշակել էր Միացյալ Թագավորությունից համայնքային ոստիկանության փորձագետ Դեյվիդ Այենսոնը` ԵԱՀԿ աջակցությամբ: Ուղեցույցը կիրառման տեսակետից հարմար միջոց է` հասկանալու համար համայնքային ոստիկանության ոլորտում առաջավոր միջազգային փորձը` Հայաստանի ոստիկանական պրակտիկայի համատեքստում:




























