Հայաստանում 2014 թ. հունվարի 1-ից ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այդ համակարգում հատկապես մեծանում է ներդրումային ընկերությունների դերը: NEWS.am-ի զրուցակիցն է «Արմենբրոք» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Արամ Կայֆաջյանը:
Պարոն Կայֆաջյան, որպես ներդրումային ընկերություն` ձեզ համար կենսաթոշակային բարեփոխումներն ի՞նչ հետաքրքրություն են ներկայացնում:
Շուկան կակտիվանա` տարեկան մոտ 100 մլն դոլար կհոսի շուկա, ու գնալով այդ թիվը մեծանալու է: Այդ գումարներն ուղղվելու են արժեթղթերի շուկա` պետական պարտատոմսեր կամ այլ ակտիվներ: Թե որքանո՞վ դա կաշխուժացնի մեր համար ամենակարեւոր` բաժնետոմսերի շուկան, դեռ պարզ չի: Հնարավոր է` առաջին տարիներին կապն այնքան էլ մեծ չլինի: Այսինքն` ներդրումները կիրականացվեն առավելապես ֆիքսված տոկոսադրույքներով ակտիվների մեջ: Բոլոր դեպքերում` շուկայում շարժ կառաջանա` 100 մլն դոլարը մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ շուկայի կապիտալիզացիան ներկայում 135 մլն դոլար է:
Դուք ցանկություն ունե՞ք կենսաթոշակային հիմնադրամ ստեղծելու:
Ներկայումս քննարկում ենք այդ հարցը: Կառավարությունը որդեգրել է բավական ագրեսիվ քաղաքականություն` աշխատողի աշխատավարձից ուղղվող 5%-ին պետությունն ավելացնում է եւս 5%: Միակ բացասականն այն է, որ մարդկանց աշխատավարձի վրա բեռը կմեծանա: ճիշտ է` նա հետագայում գումարներ կստանա` ապահովելով իր ծերությունը, բայց մինչ այդ նրա մաքուր եկամուտները կկրճատվեն:
Ինչո՞վ եք բացատրում արժեթղթերի շուկայի կայացած չլինելը:
Կորպորատիվ պարտատոմսերի շուկան այս պահին չի զարգանում մի պատճառով. պետական պարտատոմսերի տոկոսադրույքները շատ բարձր են: Հինգ կամ տաս տարեկան պետական պարտատոմսերն ունեն 13-15.5 % եկամտաբերություն: Մասնավոր ընկերությունը եթե ցանկանում է պարտատոմս թողարկել` պետք է դրանից բարձր տոկոսադրույք առաջարկի, որ գրավիչ լինի: Անգամ եթե նույն տոկոսադրույքով թողարկեն, ինչ պետական պարտատոմսերինն է` գրավիչ չեն լինի, քանի որ պետական պարտատոմսի ռիսկն ավելի ցածր է: Բայց եթե շուկայում պահանջարկը մեծանա, ինչն անխուսափելիորեն տեղի կունենա կենսաթոշակային հիմնադրամների ստեղծումից հետո, պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կընկնի: Այդ դեպքում մասնավոր ընկերությունները կկարողանան ավելի գրավիչ առաջարկներ ներկայացնել:
Ինչ վերաբերում է բաժնետոմսերի շուկայի զարգացմանը, ապա դա ավելի բարդ է: Մենք կարիք ունենք առաջնային հրապարակային տեղաբաշխումների, որն ավելի բարդ է ու լայն շուկա է: Հնարավոր է` կենսաթոշակային մեծ միջոցների ներհոսքը խթան հանդիսանա ընկերությունների համար` գնալ IPO-ի (բաժնետոմսերի առաջնային թողարկում,-Ս.Ա.), բայց կրկնում եմ` դա ավելի բարդ է:
Իսկ փոխարժեքն ազդո՞ւմ է այդ գործընթացների վրա:
Իհարկե, որոշ ազդեցություն կա: Ցանկացած զարգացող շուկայում առաջին քայլերն իրականացնում են արտասահմանցի ներդրողները, այդպես է Ռուսաստանում, Վրաստանում եւ այլուր: Իսկ արտասահմանցի ներդրողը ցանկանում է տեսնել կայուն ազգային արժույթ, որպեսզի եկամուտները հանելիս կորուստներ չունենա: Այս առումով` նրանց համար շահավետ է, որպեսզի ազգային արժույթը շարունակաբար ամրապնդվի, բայց բոլորն էլ հասկանում են, որ դա անհնար է: Այդ պատճառով ներդրողներն ուրախ կլինեն, եթե փոխարժեքը կայուն մնա:
Զրուցեց` Սամվել Ավագյանը




























