Գորիսի բազմադարյան պատմության ընթացքում բնակավայրում ստեղծվել են նյութական մշակույթի մեծարժեք հուշարձաններ, որոնք միահյուսվում են Զանգեզուրի անկրկնելի բնության հետ:
ԵԽ Արեւելյան գործընկերության Կիեւյան նախաձեռնության` «Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական քաղաքներում» ծրագրում ընդգրկվել է Սյունիքի մարզից երկու քաղաք` Մեղրին (98 հուշարձան) եւ Գորիսը (278 հուշարձան):
ՀՀ կառավարությունը 2011 թ. հունիսին հաստատեց Գորիսի զբոսաշրջության զարգացման ծրագիրը: Ի լրումն դրա` ՀՀ մշակույթի նախարարությունը կառավարության մայիսի 31-ի նիստի հաստատմանն է ներկայացրել նաեւ Գորիսի պատմամշակութային հիմնավորման նախագծի եւ քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման եւ օգտագործման հայեցակարգը: Դրանով նախատեսվում է իրականացնել Գորիսի պատմական, ճարտարապետական, գեղարվեստական ու քաղաքաշինական արժեքավոր ժառանգության լիարժեք պահպանությունը:



























