Սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի  եւ ամուսնու` Դավիթ Զիրոյանի  կողմից դաժան ծեծի ենթարկված Մարիամ Գեւորգյանի գործով դատավարությունը Արարատի եւ Վայոց-ձորի  ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դռնփակ: Այս մասին, այսօր` մայիսի 31-ին, ասուլիսում նշեց «Ընդդեմ կանանց  նկատմամբ բռնություն» կոալիցիայի անդամ Աննա Նիկողոսյանը, դատարանի այդ որոշումը համարելով չհիմնավորված:

Գործով տուժող Մարիամ Գեւորգյանն էլ նշեց, որ ինքը ցանկանում է, որ դատավարությունը դռնբաց անցնի, որպեսզի իմանան, թե այս աշխարհում  ինչպիսի մարդիկ կան եւ, որ լռությամբ ոչնչի չենք հասնի: Նրա պաշտպան Նոնա Գալստյանն ավելացրեց, որ ինքը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, քանի որ կարծում է, որ նա կողմնակալ է:

Նա տեղեկացրեց, որ այսօր, ժամը 14.00-ին դատախազության դիմաց բողոքի ակցիա են անցկացնելու, պահանջելով, որ դատական նիստը շարունակվի դռնբաց: Վերջիններս նկատեցին, որ Մարիամ Գեւորգյանի նախկին ամուսին Դավիթ Զիրոյանը դատական նիստի ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել, թե գործով վկաների, թե  հ/կ-ների ներկայացուցիչների հասցեին:

«Եթե նա հաջորդ դատական նիստին նույն պահվածքը շարունակի, ապա մենք ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում կտանք»,-ասացին նրանք: