Հայաստանի մի շարք քաղաքներում եւ գյուղերում, հունիսի 5-ին, ժամը 17.00-19.00-ին, «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը կազմակերպում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով կավճանկարչության մրցույթ:

2012թ.-ին հունիսի 3-8 ամբողջ աշխարհում նախատեսվում է իրականացնել ավելի քան 8000 միջոցառում` նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան, որի թեման է «Կանաչ տնտեսությունը»: Այս կավճանկարչության ֆլեշմոբ տարբերակով իրականացվող միջոցառումը ներառված է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների ցանկում:

Մասնակից երեխաները միասին նկարելու են մեր մաքուր շրջակա միջավայրը՝ մաքուր բակը, այգին, անտառը, քաղաքը, երկիրը: Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվելու է օրվա խորհուրդը՝ արժեւորել եւ պահպանել իրենց շրջակա միջավայրը: Երեխաներին հանրամատչելի ձեւով կներկայացվի աղբի տեսակավորման եւ վերամշակման մասին տեղեկատվություն:

«Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման մասնակից մի շարք կազմակերպություններ նախատեսել են բազմաթիվ մրցանակներ:

Միջոցառումը իրականացվում է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) «Հայաստանն առանց աղբի» շարժման շրջանակներում, շնորհիվ շարժման մաս կազմող հետեւյալ կազմակերպությունների աջակցության՝  «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF-Հայաստան), Հայաստանի ծառատունկ ծրագիր (ATP), Երեւանի, Ապարանի, Հրազդանի, Իջեւանի, Գավառի, Ալավերդու, Եղվարդի Օրհուս կենտրոններ, «Տապան» էկո-ակումբ ՀԿ, Հայկական բնապահպանական ցանց, «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ, DJ Vakcina (The Laboratory), «Կանաչաստան» ՀԿ, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ, «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ, «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ, Armyouth.am կայք, Օհանյան քոլեջ եւ այլն:

Կավճանկարչության մրցույթը տեղի է ունենալու հետեւյալ վայրերում՝

1. քաղաք Երեւան - Մանկական զբոսայգի /նախկին Կիրովի այգի/:

2. քաղաք Հրազդան - թիվ 4 դպրոցի բակ

3. քաղաք Ալավերդի - Սանահին սարահարթ թաղամաս 2/29Ա, թիվ 6 մանկապարտեզի բակ)

4. գյուղ Աքորի դպրոցի բակ

5. գյուղ Հաղպատի դպրոցի բակ

6. քաղաք Եղվարդ - փ. Երեւանյան 7Բ, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի բակ

7. քաղաք Իջեւան - փ. Աշոտ Մելիքբեկյան, Մշակույթի տան հարեւանությամբ

8. քաղաք Գավառ - Գավառի հրապարակ / Մ. Աստվածածնի եկեղեցու հարեւանությամբ/

9. քաղաք Ապարան - փ. Գարեգին Նժդեհի 2, Ապարանի ավագ դպրոցի բակ