Վանաձորում, այսօր` հունիսի 4-ի առավոտից, բողոքի ցույցի են դուրս եկել մոտ 30-40 վանաձորցի անհատ տաքսու վարորդներ, ովքեր դժգոհում են օրերս անհատ տաքսիների վերաբերյալ վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխություններից:

Վանաձորի Հայքի հրապարակում բողոքի ցույցի դուրս եկած վարորդները NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ իրենց վրա դրված ամսական հարկերը չափազանց մեծ թիվ են կազմում, ինչը հարկավոր է վերանայել:

Նրանց փոխանցմամբ, իրենցից ոչ ոք չի խուսափում հարկային դաշտ մտնելուց: «Ամեն օր չէ, որ մենք գործ ենք ունենում, բայց ամսական հստակ հարկեր կան դրված ու կապ չունի ինչքան ես գործ ունեցել, ինչքան գումար ստացել»,-դժգոհեց վարորդներից մեկը:

Նշենք, որ մինչ այս պահը ոչ Լոռիի մարզպետարանի, ոչ Վանաձորի քաղաքապետարանի որեւէ աշխատակից դուրս չի եկել` վարորդների հետ բանակցելու:

Վարորդները ստորագրահավաք են անցկացրել, որը ներկայացնելու են Լոռիի մարզպետին, իսկ մինչ ներկայացնելը, թվով 3 վարորդներ, որպես բողոքի ակցիայի ներկայացուցիչներ, փորձել են մտնել Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ, սակայն վերջինս տեղում չի եղել:

Հավելենք, որ վանաձորի Հայքի հրապարակում են նաեւ ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Նյութի մասին լուսանկարներն ու տեսանյութը քիչ ավելի ուշ: