Օձի խայթոցից ծայրահեղ ծանր վիճակում հայտնված 21-ամյա Նարինեի կյանքին վտանգ չի սպառնում, բայց նրա վիճակը դեռ միջին ծանրության է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա բժշկական կենտրոնի» սուր թունավորումների բաժնի գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանը:
Մինչ այդ Եղեգնաձորի հիվանդանոցի տնօրեն Անահիտ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Նարինեն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան դիալիզ են արել: «Ըստ այսօրվա իմ ինֆորմացիայի, արդեն իր շրջապատն ընկալում է, հասկանում է, զգում է, որ իրեն հարցեր են ուղղում, բայց առայժմ կոնտակտի մեջ չի մտնում»,- ավելացրեց Անահիտ Կարապետյանը:
«Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժնի գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանն էլ ասաց, որ այսօր արդեն դրական տեղաշարժ է նկատվել, թույները պակասում են: Նրա խոսքով, կարելի է ասել, որ Նարինեի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:
Հարցին, թե հնարավո՞ր է խայթոցը հետագայում հետեւանքներ թողնի, նա պատասխանեց. «Ինձ թվում է, որ չի թողնի»:
Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանի խոսքով, Նարինեին կծած օձին արդեն սատկացրել են` գցելով մեքենայի տակ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օձի խայթոցից ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Շատին գյուղի բնակչուհի, 21-ամյա Նարինե Մաթեւոսյանն աշնանն է հարս գնացել տվյալ գյուղ: Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանի խոսքով, օձը Նարինեին խայթել է դաշտում` Մատուռի մոտ:
Եղեգնաձորի հիվանդանոցի տնօրեն Անահիտ Կարապետյանն էլ նշել էր, որ Նարինեի վիճակը շարունակում է ծանր մնալ: «Երկու դոզա հակաթույն ենք ներարկել: Բոլոր անհրաժեշտ միջոցառումներն անում ենք, բայց վիճակը շարունակում է մնալ ծանր: Երեւանից բրիգադ ենք հրավիրել, որ տեղափոխվի Երեւան»,- ասել էր Անահիտ Կարապետյանը:
Գյուղում շրջանառվող որոշ լուրերի համաձայն, Նարինեն հղի է, սակայն Անահիտ Կարապետյանն ասաց, որ իրենք նման տեղեկություն չունեն:




























