Հայաստանում այս տարի 18 հազար 107 դիմորդների մեծ մասը դիմել է Երեւանի պետական համալսարան, այնուհետեւ` Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան եւ Երեւանի պետական բժշկական համալսարան:
NEWS.am-ը փորձել է պարզել, թե ամենաշատը դիմորդները որ ֆակուլտետներ են դիմել եւ որոնք են այսպես ասած «նորաձեւ մասնագիտությունները»:
Այսպես, ԵՊՀ-ում, ինչպես ամեն տարի, այս տարի եւս ամենաշատ դիմորդներ ունի իրավագիտության ֆակուլտետը` շուրջ 492, որին հաջորդում է ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը` 345 դիմորդ, տնտեսագիտությունը` 311, իսկ հետո անգլերեն լեզու եւ գրականություն ֆակուլտետը` մոտ 301 դիմորդ:
200-ից ավելի դիմորդ ունեն հանրային կառավարման, հայ բանասիրության, պատմության, լեզվաբանություն եւ միջմշակություն հաղորդակցության (անգլերեն) ֆակուլտետները: Իսկ մինչեւ 200 դիմորդ ունեն քաղաքագիտության, կառավարման, լրագրության. հոգեբանության եւ այլ ֆակուլտետները:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ամենամեծ պահանջարկն ունեն ֆինանսների (539), հաշվապահական հաշվառման (318), կառավարման (303) ֆակուլտետները:
Դրանից հետո գալիս են մինչեւ 200 դիմորդ ունեցող ֆակուլտետները, որոնցից է մարքեթինգի, կոմերցիայի, ձեռնարկությունների տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետները:
Երեւանի պետական բժշկական համալսարանում 723 դիմորդ դիմել է բուժական գործ ֆակուլտետ, 236-ը` ստոմատոլոգիական, 81-ը` դեղագործական:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարում ամենաշատ դիմորդներն ունի Քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետը` 274, այնուհետեւ`կիբեռնետիկա` 144, իսկ Հայաստանի ագրարային համալսարանում` Ագրոպարենային համակարգի տնտեսության մասնագիտությունները` 216 դիմորդ:
Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի ամենամեծ պահանջարկը ունեցող ֆայուլտետը ճարտարապետություն եւ դիզայնն է` 107 դիմորդ, իսկ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դեպքում` մանկավարժություն եւ մեթոդիկա, տարրական կրթություն (138 դիմորդ) եւ պատմություն (108 դիմորդ) ֆակուլտետները:
Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում 337 դիմորդներ դիմել են Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցության (անգլերեն), այնուհետեւ` լեզվաբանություն, անգլերեն լեզու ֆակուլտետներ:
Ստացվում է, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս, դիմորդների զգալի մասը նախընտրեց դառնալ բժիշկ, իրավաբան, ֆինանսիստ, այնուհետեւ` հաշվապահ, ծրագրավորող, թարգմանչուհի, մի խոսքով` «թանկարժեք եւ պրեստիժային» մասնագիտությունները:
Նշենք, որ տվյալները ներկայացնում ենք ըստ առաջին հայտով դիմածների:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:
Դիմորդները արդեն հանձնել են քննություն «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», աշխարհագրություն», «Հայոց լեզու եւ գրականություն» առարկաներից: Իսկ հունիսի 8-ին քննություն կանցկացվի «Ռուսաց լեզու», հունիսի 12-ին` «Մաթեմատիկա», հունիսի 15-ին` «Օտար լեզու», հունիսի 19-ին` «Ֆիզիկա» առարկաներից: Օտար լեզուների մեջ գերիշխողը անգլերենն է, ապա` ֆրանսերենը եւ գերմաներենը, այնուհետեւ` իսպաներեն, իտալերեն եւ եսւ 4 դիմորդ` պարսկերենից: Պետական ավարտական եւ միասնական քննությունները կեզրափակվեն հունիսի 22-ին` «Քիմիա» եւ «Հայոց պատմություն» առարկաներով:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը



























