«Եհովայի վկա» կրոնական կազմակերպության բազմաթիվ անդամներ Եվրադատարանում Հայաստանի դեմ հայցեր են ներկայացրել: Այդ մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե արդյո՞ք շատ են Եվրադատարանում Հայաստանի դեմ հարուցված գործերը:

Նշենք, որ «Եհովայի վկաները» հրաժարվում են ծառայել բանակում, ինչի հետեւանքով ենթարկվում են քրեական պատասխանատվության: Այս պահին էլ, ըստ արդարադատության նախարարի տեղեկացման, քրեակատարողական հիմնարկներում Եհովայի վկաներ կան: Նրանց մի մասը այնուհետ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում վիճարկում է իրեն կալանքի ենթարկելու որոշումները:

Ըստ Հ. Թովմասյանի` այդ կազմակերպության ներկայացուցիչների հետ ներկայում քննարկումներ են ընթանում; Բացի այդ` արդարադատության նախարարությունում ստեղծված է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է Եվրադատարանում Հայաստանի դեմ հարուցված գործերը, եւ փորձում է կանխարգելիչ միջոցառումներ մշակել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանը ստիպված է 30 հազար եվրո վճարել այս տարի Եվրադատարանում պարտված 3 գործերի դիմաց, որոնցից երկուսը` Եհովայի վկաներին, իսկ մյուսը` խարդախության համար ձերբակալվածին: