Հայաստանի կառավարող վարչախմբի վարած տնտեսական և ֆինանսական քաղաքականությունը որևէ ձևով չի զսպում ճգնաժամի խորացող վտանգները, ավելին, ծառայելով օլիգարխիկ իշխանության անձնական հարստացմանը, ավելի է խորացնում այն: Այդ մասին ասված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
Կոնգրեսի տնտեսական հանձնախումբն ամփոփել է 2009թ. արդյունքները, եւ նկատել, որ «ավարտին մոտեցող 2009 տնտեսական տարին՝ ամենածանրն է նորագույն ժամանակաշրջանում՝ իր աննախադեպ տնտեսական անկմամբ, աղքատության աճի տեմպերով, ինչը պայմանավորված է ոչ այնքան համընդհանուր տնտեսական ճգնաժամով, որքան այդ պայմաններում սեփական ժողովրդին ավելի հիմնավոր կողոպտելու վարչախմբի մոլուցքով»:
«Տարեմուտին այդ մոլուցքը դրսեւորվեց առավելագույն չափով: Տարվա գեթ մեկ օրն արժանապատիվ անցկացնելու նպատակով սովորական մարդկանց ծրագիրը բախվեց դաժան մի աճպարարության: Վերջին շաբաթներին կենտրոնական բանկն արժութային շուկայում իրականացրեց հսկայական ներարկումներ` արտաքին պահուստներից վատնելով 150 մլն դոլար եւ դրանով զսպեց դրամի բնական արժեզրկումը: Ապա, վերջին օրերին, այն բանից հետո, երբ ամանորյա ծախսերի համար սկսեցին շրջանառության մեջ մտնել բնակչության խնայած միջոցները, ընդամենը մի քանի օրվա ընթացքում, արդեն իսկ դոլարով հագեցած շուկայում, դրամն արժեվորվեց ավելի քան 15 դրամով»,- նշում են ՀԱԿ պատասխանատուներն ու մանրամասնում. «Այսինքն, իշխանությունն արեց ամեն ինչ՝ ապահովելու համար ներկրող օլիգարխների համար էժան արտարժույթ ձեռք բերելու հնարավորությունը՝ մի դեպքում պետական պահուստների, մյուս դեպքում՝ բնակչության խնայողությունների կողոպուտի հաշվին՝ այդ ամենը որպես ամանորյա նվեր մատուցելով հասարակությանը»:
ՀԱԿ-ը հիշեցնում է, որ բազմաթիվ անգամներ զգուշացրել է իշխանություններին՝ զերծ մնալ նման քաղաքակությունից` կոչ անելով վարել լողացող արտարժույթի քաղաքականություն, չվատնել արտաքին պահուստները, որոնք հետագայում համալրվում են օրեցօր աճող արտաքին պարտքի հաշվին, և որպես գնաճի զսպման մեխանիզմ` վերացնել տնտեսական մենաշնորհները: «Նշվել են նաեւ արտարժութային ներարկումների արդյունքում տնտեսության դրամազրկման հետևանքները, այն վտանգները, որ պարունակում է դրամի արհեստական արժեվորումը: Ակնհայտ է, որ կենտրոնական բանկի նման քաղաքականության հետեւանքով մոտ ապագայում կրկին ականատես ենք լինելու դրամի կտրուկ արժեզրկմանը, որը հերթական կործանարար հետևանքներն է ունենալու տնտեսության վրա»,- նկատել են ՀԱԿ տնտեսագետներն ու նշել, որ տնտեսական ծանր վիճակից դուրս գալու ելքը միակն է՝ «սահմանադրական կարգի վերականգնումը, ժողովրդի կողմից ընտրված, նրան հաշվետու եւ պատասխանատու օրինական իշխանության հաստատումը»:




























