Մասիս քաղաքում հունիսի 25-ին, հարսին` 37-ամյա Քրիստինե Զաքարյանին սպանած սկեսրայրին` 74-ամյա Վոլոդյա Սահակյանին, թոռը չի սպանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունից: Նշենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հարեւանները պատմել էին, որ տարածված խոսակցությունների համաձայն Քրիստինեի տղաներից մեկը տեսնելով մորը սպանված, ինքն է սպանել պապին: «Ի սկզբանե նման խոսակցություններ կային, ինչը ստուգել ենք: Նման բան չկա, երեխաները կապ չունեն: Տանը մարդ է եղել, վկաներ կան եւ ապացուցված է, որ երեխաները կապ չունեն սպանության հետ»,- նշեցին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունից:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Վ. Սահակյանը խանդի հողի վրա է սպանել հարցին, ոստիկանությունից արձագանքեցին. «Չենք կարող միանշանակ ասել, քանի որ երկու կողմերն էլ մահացել են, իսկ նախաքննությունը շարունակվում է»:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հարեւանները Քրիստինեին նկարագրում էին որպես չափից դուրս համեստ եւ նվիրված անձնավորություն: Նրանք սկեսրայրի արարքից եւս ցնցված էին: Վերջինս նույնպես վայելել է հարեւանների հարգանքը, զբաղվել է կոշկակարությամբ, թեեւ նշում են, որ չափից դուրս ավանդապաշտ էր եւ սիրում էր փնթփնթալ:
Ներկայումս Քրիստիների երեխաները մնացել են տատիկի խնամքին: Քրիստինեն ունի 4 երեխա` մեծ տղային, ով 18 տարեկան է, պատրաստվում էին ճանապարհել բանակ, իսկ մյուս տղան 15 տարեկան է: Ունի նաեւ 14 եւ 12 տարեկան աղջիկներ:
Քրիստիների ամուսինը մահացել է 2 տարի առաջ` հիվանդությունից: Խանդի հողի վրա սպանության վարկածը հարեւանները առաջ քաշեցին ասելով, որ սկեսրայրը լսել է, թե հարսը «ուզող ունի», թեեւ ոչ ոք չգիտի, թե ո՞վ է այդ անձնավորությունը, ով իբր, թե հավանել է Քրիստինեին:
Հարեւանների պատմելով նրանց եկամտի հիմնական աղբյուրը փարոսից ստացված գումարներն էին: Մասիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ` Վարդան Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երկար տարիներ է, ինչ այդ ընտանիքը միակողմանի ծնողազուրկի նպաստ է ստանում:
Հարցին, թե հետագայում ի՞նչ է լինելու այդ երեխաների հետ եւ արդյոք պետությունը որեւէ աջակցություն ցուցաբերելո՞ւ է, նա պատասխանեց. «Այդ ընտանիքում հաշվառված են հարսը` 4 երեխաներով, տատն ու պապը: Հոգաբարձուների եւ խնամակալների խորհուրդ գոյություն ունի. քաղաքացին կարող է դիմում ներկայացնել եւ ճանաչվել որպես խնամակալ: Խնամակալության իրավունքը ում որ տալիս են, նա արդեն որպես լիազոր ներկայացուցիչ ներկայանում է եւ սոցիալական ոլորտի բոլոր աջակցություններից կարող են օգտվել: Մինչեւ այսօր որպես միակողմանի ծնողազուրկի նպաստ էին ստանում: Առաջիկայում արդեն ամենայն հավանականությամբ, երկողմանի ծնողազուրկի նպաստ ստանան»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 25-ին ժամը 15:30-ի սահմաններում 74-ամյա Վոլոդյա Սահակյանը կենցաղային հարցերի շուրջ վիճել է հարսի հետ եւ դանակահարել նրան: Այնուհետեւ, տեսնելով, որ նա մահամերձ է, ծերունին դանակով կտրել էր իր պարանոցը: Դեպքի վայր հասած ոստիկաններն ու շտապօգնությունը Սահակյանին եւ 37-ամյա Քրիստինե Զաքարյանին տեղափոխել էին հիվանդանոց, սակայն ճանապարհին երկուսն էլ մահացել էին:



























