Մեղրիի նախկին քաղաքապետ Միշա Հովհաննիսյանի դեմ քր.գործ է հարուցվել:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Մեղրիի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել եւ հիմնավորվել է, որ Մեղրիի նախկին քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքը, քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, քաղաքապետարանի վարչական շենքի 189,2 քառակուսի մետր տարածք ունեցող դահլիճը ՝ 5 մլն 675 հազար դրամ շուկայական արժեքով, 2005թ. դեկտեմբերի 20-ին վաճառել է իր եղբորը` Ռ. Խուդյանին` ակնհայտ ցածր գնով, ընդամենը 567 հազար դրամով:
Բացի այդ, 16 մլն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, համայնքային սեփականություն հանդիսացող, Մեղրիի նախկին խճաքարի գործարանի հարեւանությամբ գտնվող 5 հա արտադրական նշանակության եւ 7.5 մլն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող 15 հա գյուղատնտեսական այլ նշանակության հողատարածքն ակնհայտ ցածր գնով՝ համապատասխանաբար 13 մլն 860 հազար եւ 551 հազար դրամով վաճառել է ավագանու անդամ Ս. Համբարձումյանին:
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Մ.Հովհաննիսյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով համայնքին պատճառվել է 14 մլն 196 հազար 750 ՀՀ դրամի վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Մ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:



























