«ՀԱԿ-ի ամենամեծ բացթողումն այն է, որ այսօր մենք ունենք 15 քաղբանտարկյալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ-ի անդամ Դավիթ Շահնազարյանն ու հավելեց. «Սա անգամ ավելի կարեւոր է, քան հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրները»: Նրա խոսքով, «նոմենկլատուրային ընդդիմությունը` Դաշնակցությունը» չի ցանկանում հասկանալ, որ քաղբանտարկյալներ պահող իշխանությունը, որը ամեն քայլափոխի ոտնահարում է մարդկանց իրավունքները, ուղղակի չի կարող հայ-թուրքական եւ Ղարաբաղի հարցերում լինել ամուր, ինքնուրույն ու հետամուտ լինել պետական շահին:
Դավիթ Շահնազարյանը համաձայնեց նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի այն մտքին, թե հանրահավաքային դադարը նույնպես պետք է լինի չափավոր: «Բնության մեջ ընդհանրապես ամեն ինչ պետք է չափ ունենա: Բայց ես կարծում եմ, որ մեր դադարը շատ ճիշտ էր մտածված եւ հաշվարկված, ինչը բերել է ու շարունակում է բերել որոշակի քաղաքական դիվիդենտներ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գալու է նաեւ ակտիվացման փուլը: Դ. Շահնազարյանը, սակայն չի կոնկրետացրել, թե երբ է լինելու այդ ակտիվացումը: Նա ակնկալիք հայտնեց, որ հայ ժողովուրդը 2010 թվականին հասնելու է լուրջ հաջողությունների:




























