Այսօր՝ դեկտեմբերի 24-ին մի տղամարդ ինքնասպանության փորձ է արել Հայաստանի կառավարության վարչական շենքի մոտ: Տղամարդը փորձել է ածելիով կտրել իր պարանոցը, բայց փորձը, բարեբախտաբար, ձախողվել է:
Ականատեսներից մեկը՝ Վարդգես Գասպարին NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ կառավարության շենքի մոտ տեսել է մի խումբ ոստիկանների, մոտեցել եւ նրանց մեջ տեսել է փոքրամարմին մի տղամարդու, որը ածելիով վնասել էր իրեն: Գասպարին հայտնեց, որ տղամարդու պարանոցի շրջանում տեսել է արյան հետքեր: Կառավարության շենքի մոտ կանգնած ոստիկանները տղամարդուն անմիջապես բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Ոստիկանության տվյալներով, ինքնասպանության փորձ գործած քաղաքացին 60-ամյա Ռուդոլֆ Վարշամի Մինասյանն է, որը բողոքում էր Դալմայում իր մշակած հողը հարկադիր վաճառքի հանելու դեմ: Նշենք, որ Մինասյանը ժամանակին ի նշան բողոքի կարել էր իր բերանը:




























