«Ազգային ժողովը արդյունավետ համագործակցում է կառավարության հետ եւ իշխանության այդ երկու ճյուղերը ներդաշնակորեն փոխլրացնում են միմյանց»,- դեկտեմբերի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Նա ընդգծել է, որ չնայած ԶԼՄ-ներում շրջանաառվող լուրերի, թե իր եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ տարաձայնություններ կան, իրենք հրաշալի հարաբերություններ ունեն եւ արդյունավետ համագործակցում են միմյանց հետ. «Տիգրան Սարգսյանը պրոֆեսիոնալ է, եւ նրա ղեկավարած կառավարությունն էլ, անկախ ճգնաժամից, պրոֆեսիոնալ է աշխատում։ Այն, որ նա հանրապետական է դարձել, ավելի է պարտավորեցնում նրան»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, սակայն, որ կառավարության անդամները պետք է ավելի շատ զբաղվեն գործադիրի աշխատանքներով, քան կուսակցական գործունեությամբ։

Խոսելով այն մասին, որ ՀՀ վարչապետը բազմիցս նշել է, թե պետք է պայքարել օլիգոպոլիաների դեմ, Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ ԱԺ-ն այդ հարցում ամեն կերպ կաջակցի կառավարությանը։ «Ես գիտեմ մարդկանց, ովքեր զբաղվում են օլիգոպոլիաներով, սակայն շուտով մենք կվերացնենք այդ երեւույթը»,- եզրափակել է նա։