Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի կարծիքով՝ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ ԱԺ նախկին պատգամավոր, մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանին ազատ արձակելու խնդրագիրը նման է սադրանքի: «Ես պատգամավորների դիմումը գնահատում եմ որպես ինչ-որ տեղ սադրանք»,- դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արմեն Հարությունյանը եւ հավելել. «Ներման ինստիտուտը գործում է, երբ դատապարտյալն ինքն է դիմում գրում: Ես այդ դիմումը կոռեկտ չեմ համարում: Ես կցանկանայի՝ այդ պատգամավորները ցույց տային, թե ինչպես է ներելու նախագահը՝ առանց օրենքը խախտելու»:

ՄԻՊ-ն անհասկանալի է համարում նաեւ իշխանությունների վարմունքն այս հարցում: «Մենք Սասուն Միքայելյանի հարցով զբաղվել ենք: Ինձ համար անհասկանալի է, որ ես դիմեցի, մեզ մերժեցին, մեկ շաբաթ հետո տարան հիվանդանոց»,- նշեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը դիմել էր արդարադատության նախարարին՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Սասուն Միքայելյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, սակայն ԱՆ-ն մերժել էր նրան, բայց մի քանի օր անց Միքայելյանին տեղափոխեցին «Արմենիա» բուժկենտրոն եւ վիրահատության ենթարկեցին: