Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մտավախություն ունի, որ կոալիցիայի առաջարկած նոր օրինագիծը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ ընդդիմադիր լրատվամիջոցների համար: Այդ մասին ՄԻՊ-ը հայտարարեց դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Խոսքը նախօրեին կառավարության կողմից հավանության ստացած օրենսդրական փոփոխությունների փաթեթի մասին է, որով լրատվամիջոցին կամ լրագրողին մի քանի միլիոն տուգանքի կարող են ենթարկել՝ վիրավորանքի կամ զրպարտանքի մեղադրանքներով:

«Ես, անկեղծ ասած, կարծում եմ, որ վատ չէր լինի ԶԼՄ-ների դաշտում նմանատիպ մի որեւէ օրենք ունենալ: Ճիշտ է, դա կարող է եվրոպական ստանդարտներով լինել, բայց մեր պայմաններում վախենում եմ, որ կարող է միակողմանի աշխատել»,- նկատեց Արմեն Հարությունյանը եւ մանրամասնեց. «Կարող է աշխատել ընդդիմադիր ԶԼՄ-ների դեմ, եւ ընդհանրապես չաշխատել իշխանական լրատվամիջոցների պարագայում»:

«Այդ մտահոգությունը ես ունեմ, դրա համար, զուտ կիրառական տեսակետից, միգուցե լավ է, բայց իրավակիրառական տեսակետից՝ դա կարող է վտանգավոր լինել, որովհետեւ կարծես խնդիրներ առաջանում են միայն ընդդիմադիր լրատվամիջոցների հետ»,- նշեց Հարությունյանը եւ հավելեց. «Խոսքի ազատությունն այն է, երբ մարդիկ կարող են իրարամերժ կարծիք ունենալ: Ես բավարարված չեմ թերթերի որակից, բայց միեւնույնն է՝ ավելի լավ է այդպիսին, քան վերադառնալ Խորհրդային Միության ժամանակները, երբ բոլորը մեկ տեսակետ ունեին»: