Բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների արդյունքում Հայաստանի պետբյուջե է մտել 118,4 միլիոն դրամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

Նրա խոսքով, բնապահպանական տեսչությունը տարվա ընթացքում տնտեսվարող օբյեկտներում իրականացրել է 725 ստուգում եւ հայտնաբերել 723 խախտում։ Արդյունքում կազմվել է 547 ակտ՝ 34,4 մլն դրամի չափով, ինչպես նաեւ 153 մլն դրամի 348 արձանագրություն՝ շրջակա միջավայրին վնաս հասցնելու վերաբերյալ։ Տավուշի եւ Սյունիքի մարզերում հայտնաբերվել են որսագողության դեպքեր։ Ընդ որում, որսագողերը հանցափորձ են կատարել կարմիր գրքի մեջ մտած կենդանատեսակների վրա, ինչի արդյունքում կազմվել է 336 արձանագրություն՝ 125 մլն դրամ արժողությամբ։ Ջրային ռեսուրսների պահպանման ոլորտում հայտանբերվել է 74 խախտում, կազմվել 5 մլն դրամի 49 ակտ, ինչպես նաեւ 17,8 մլն արժողությամբ 8 արձանագություն։ Բացահայտվել է ապօրինի ծառահատման 968 դեպք, որը 52 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը։ Հարությունյանը նշեց, որ նախարարությունը արձագանքել է ստացված բոլոր ահազանգներին եւ հնարավորություների սահմաններում փորձել կարգավորել դրանք։