Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնման բանակցությունները ձախողվել են Քութայիսում տեղի ունեցած ողբերգության պատճառով: Այդ մասին դեկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է Վրաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Արդար Վրաստանի համար» քաղաքական շարժման առաջնորդ Զուրաբ Նողայդելին՝ ժամանելով Մոսկվայից, որտեղ հանդիպումներ է ունեցել ՌԴ ղեկավարության հետ:

«Այս փուլում օդային հաղորդակցության վերականգնման բանակցությունները գործնականում ավարտվել են անհաջող, եւ դրան հանգեցրած գործոնը, ցավոք, դեկտեմբերի 19-ն է եւ Քութայիսում „Փառքի հուշարձանի“ ոչնչացումը»,- ասել է Նողայդելին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Վրաստանը դիմել էր Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը՝ առաջարկելով վերականգնել Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ ավիափոխադրումները: Առաջին չարտերային չվերթները նախատեսվում էր իրականացնել արդեն Նոր տարուն: Ուղիղ չվերթները չեղյալ են համարվել 2006թ.-ին՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների սրումից հետո, բայց 2008թ. կարճ ժամկետով վերականգնվել էին: