«Այս տարի ապրանքների գները ավելի թանկ են, քան անցած տարի։ Այսօր չի ստացվի 300 դոլարով առնել այն ամենը, ինչ առել էի անցած տարվա ամանորյա սեղանի համար»,- նախատոնական գնումների մասին խոսելիս ասաց 36-ամյա Վարդանուշ Սահակյանը՝ իբրեւ ասածի ապացույց օրինակ բերելով, որ խմորեղենի մեջ օգտագործող ընկույզն անցած տարի գնել է 2-3 հազարով, իսկ «այսօր խանութներում 4 հազար դրամից էժան ընկույզ չկա»։
Պետրոսյանների ընտանիքը, ապրանքների գների թանկացման պատճառով, այս տարի ամանորյա գնումների համար նախատեսել է շուրջ 120 հազար դրամ, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա ծախսած գումարից։ 30-ամյա Հովհաննեսը, ում ամենասիրելի տոնը Նոր տարին է եւ մեծ խանդավառությամբ է զբաղվում նախատոնական գնումներով, ասում է, որ այս տարի էականորեն թանկացել է ընդեղենը. "Պնդուկի գինը անցած տարվա համեմատ թանկացել է 50 տոկոսով, անցած տարի 2000 դրամ էր,իսկ հիմա 3000 դրամից պակաս չկա։ Զգալիորեն թանկացել է տավարի փափուկ միսը նախկին 1500-1600 դրամից դարձել է 2000 դրամից ոչ պակաս։ Հավի մսի գինը եւս թանկացել է՝ բայց այս թանկացումը եղել է տարվա ընթացքում եւ պայմանավորված չէ նախատոնական թանկացումներով։ 30 տոկոսով թանկացել է կարագի գինը։
Հովհաննեսը նաեւ ասաց, որ սուպերմարկետներում հայտարարված «զեղչերը իրական չեն»։
«Սուպերմարկետներում շատ հետաքրքիր բան կա, վերջերս եմ նկատել։ Օրերս խանութներից մեկում էի, գովազդեցին, որ մանդարինի կիլոգրամը 375 դրամ է, իսկ հետո հայտնաբերում ես, թե հենց այդ պահին ամենէժան մանդարինը 450 դրամ է, իսկ երբ հարցնում ես, թե ուր է 375 դրամանոց մանդարինը, ասում են, որ վերջացել է։ Նույնը նաեւ ձվի եւ այլ ապրանքների դեպքում է»,-ասաց Հովհաննեսը՝ հավելելով.
«Ակնհայտ է, որ զեղչերի ժամանակ գովազդված ապրանքները չեն լինում։ Իրականում բանն այն է, որ նման գներ գոյություն չունեն»։
54 ամյա Գայանե Խաչատրյանը, ով ամանորյա գնումների համար նախապատրաստել է 60000 դրամ, NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամանորյա սեղանի ուտելիքներից «այս տարի միայն խնձորն է էժան»։
Դեկտեմբերի 23-ի դրությամբ, Երեւանի մի շարք խանութներում Նոր տարվա սեղանի անբաժան մաս կազմող բաստուրմայի կիլոգրամն արժե 4500 դրամ, սուջուխինը՝ 4950, ֆիլեի գինը սկսվում է 2900 դրամից, երշիկինը՝ 1000 դրամից, մանդարինի կիլոգրամը 550 դրամ է, նարինջինը՝ 750։
Հնդկական ընկույզը 6200 դրամ է, գետնանուշը՝ 950, պնդուկը՝ 4000 դրամ, նուշը՝ 6100, ընկույզը՝ 4200 դրամ, ձիթապտուղը՝ սկսած 560 դրամից, շամպայնը՝ նվազագույնը 1350 դրամ։
Տավարի մսի կիլոգրամը սկվում է 1800 դրամից, իսկ հավինը՝ 1550 դրամից։




























