Բելառուսի քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպան շարժումների համար օգոստոսի 4-ը՝համերաշխության միջազգային օրն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հելսինկյան ասոցիացիայից:
«Բելառուսն տեղակայված է Եվրոպայի սրտում եւ միեւնույն ժամանակ միակն է ողջ աշխարհամասի երկրներից, որտեղ կիրառվում է մահապատիժը եւ չի գործում մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիան»,- հայտնեցին նրանք` բերելով մի շարք օրինակներ:
Մասնավորապես, Հելսինկյան ասոցիացիայի փոխանցմամբ, Բելառուսում չգրանցված կազմակերպությունների գործունեությունն արգելված է. տվյալ կազմակերպություններում մասնակցության համար մինչեւ երկու տարվա ազատազրկում է սպառնում: Այնտեղ հանրահավաքների եւ պիկետների իրականացման համար անհրաժեշտ է իշխանությունների թույլտվությունը, իսկ մասնակիցների մեծամասնությունը ենթարկվում է 5-15 օրվա ազատազրկման: Այն բանից հետո, երբ 2011թ-ին Բելառուսում «լուռ բողոքի ակցիաների» մի ալիք բարձրացավ, որտեղ մարդիկ հավաքվում էին առանց որեւէ կարգախոսների եւ պաստառների եւ ուղղակի ծափահարում էին, սրա արձագանքը եղավ իշխանությունների կողմից ձերբակալությունները եւ «մասսայական անգործության կազմակերպան» արգելքները: Բելառուսում ինտերնետ-սրճարանի մուտքը միայն անձնագրով է հնարավոր, անկախ լրատվամիջոցների կայքերի մուտքը մեծամասամբ արգելափակված է պետական մարմինների կողմից: Վերջին 10 ամիսների ընթացքում մի քանի տասնյակ բելառուսական քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ եւ իրավապաշտպաններ իշխանությունների քննադատման պատճառով հայտնվել են «մեկնողների արգելված ցուցակում», իսկ ԱԱԾ-ն ստացել է իրավունք սահմանափակելու բոլոր այն անձանց ելքի իրավունքը, ում հարկ է համարում չթույլատրել երկրից դուրս գալ:
Վաղը ժամը 12:00-ին «Հելսինկյան ասոցիացիան» իրականացնելու է ակցիա Երեւանում Բելառուսի դեսպանատան դիմաց` ի պաշտպանություն «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկուն: Ստորագրվելու է մանիֆեստ, որը ակցիայի վերջում կհանձնվի դեսպանատուն:



























