2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու միասնական եկամտային հարկը, որը փոխարինելու է ներկայիս եկամտահարկին ու պարտադիր սոցիալական ապահովության վճարին: Ի՞նչ է իրենից ներկայացնում նոր հարկատեսակը. այս հարցի շուրջ զրուցեցինք «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանի հետ:
Պրն. Ղազարյան, ինչո՞վ է պայմանավորված միասնական եկամտային հարկի կիրառումը:
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներում սա շատ կարեւոր քայլ է, առանց որի համակարգի ներդրումը վտանգի տակ է: Հիշեցնեմ, որ 2014 թ. հունվարի 1-ից հանրապետությունում ներդրվելու է կենսաթոշակի պարտադիր կուտակային բաղադրիչը: Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված էլ որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու եկամտահարկի ներկայացման կարգի հետ կապված: Ամենակարեւորը` եկամտահարկի գծով հաշվետվությունները հունվարի 1-ից գործատուները պետք է ներկայացնեն բացառապես օնլայն եղանակով, թղթային կրիչով հաշվետվությունների ներկայացում արդեն չի նախատեսվում:
Կարծիքներ կան, որ միասնական եկամտային հարկը հանգեցնելու է հարկային բեռի ավելացման:
Դա իրականությանը չի համապատասխանում, ոչ մի լրացուցիչ հարկային բեռ չի նախատեսվում: Իմ հաշվարկներով` գործատուները առավելագույնը 300 դրամի հավելյալ ծախս են կատարելու: Բայց մյուս կողմից` գործատուները երկու հաշվետվության փոխարեն մեկն են ներկայացնելու, իսկ դա արդեն զգալի թեթեւացում է նրանց համար: Այլ կերպ` քաղաքացիները նվազ չեն ստանալու, գործատուներն ավել չեն վճարելու, իսկ ընթացակարգերը պարզվելու են:
Այսինքն` հարկի դրույքաչափերը չե՞ն փոխվում:
Գործնականում ամեն ինչ մնում է նույնը: Եթե, օրինակ, ներկայում աշխատողի եկամտից վճարվում է 20 % եկամտահարկ ու 3% սոցիալական ապահովության հարկ, ապա հունվարի 1-ից պարզապես կվճարվի 23% միասնական հարկ: Այսինքն` երկու դրույքաչափ մեխանիկորեն միանում են միմյանց: - Բայց ներկայում գործատուները վճարում են նաեւ մինչեւ 15% (որոշակի սանդղակով) սոցիալական ապահովության վճար: Ի՞նչ է լինելու դրա հետ:
Այդ վճարները հաշվեգրվելու են մարդկանց աշխատավարձին, ու այդ հանրագումարից հաշվարկվելու է կենսաթոշակային հիմնադրամներին ուղղվող 5% պարտադիր հատկացումը: Եւս 5% իր կողմից կավելացնի պետությունը:
Արդյո՞ք ՊԵԿ-ը պատրաստ է օնլայն ռեժիմով աշխատելուն:
Սա միայն ՊԵԿ-ի խնդիրը չի: Առաջնային խնդիրներից մեկը էլեկտրոնային ստորագրությունների ստացումն է, առանց որի հաշվետվությունները օնլայն չեն կարող ներկայացնել: Այս առումով հիմնական պատասխանատուն էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների կենտրոնն է, եւ ՀՀ ոստիկանությունը: Կոչ կանեի բոլոր գործատուներին` ժամանակ չկորցնել եւ դիմել ոստիկանությանը` էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար:
Իսկ ի՞նչ արժե էլեկտրոնային ստորագրությունը, եւ քանի՞ ստորագրության կարիք կա:
Էլեկտրոնային ստորագրման սպասարկման տարեկան վճարը 3 հազ. դրամ է, եւս 3 հազ. դրամ արժե ID քարտը: Խնդիր է դրված, որպեսզի հանրապետությունում գործող բոլոր ակտիվ հարկատուները ձեռք բերեն համապատասխան գիտելիքներ` հաշվետվությունների օնլայն ներկայացումը ապահովելու համար: Խոսք է գնում մոտ 75 հազ. ակտիվ գործատուի մասին, որից 28 հազարը իրավաբանական անձինք են, 47 հազարը` անհատ ձեռներեցներ: Դրանց մոտ կեսը գրանցված է մարզերում, կեսը` Երեւանում:
Զրուցեց` Սամվել Ավագյանը



























