Քիչ առաջ ջրից դուրս է բերվել երեկ` օգոստոսի 5-ին Տավուշի մարզի Այգեձոր գյուղի Ծիլի լիճն ընկած Էդգար Աթաբեկյանի մարմինը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, ժամը 15:20-ին Սևանի հատուկ ջրափրկարարները և տավուշի մարզային փրկարարական վարչության Բերդի փրկարար ջոկատի փրկարարները համատեղ ուժերով լճից դուրս են բերել այգեձորցի 42 ամյա Էդգար Աթաբեկյանի մարմինը: Այս մասին NEWS.am-ի Տավուշի թղոթակցի հետ զրույցում ասաց մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 5-ին դժբախտ դեպք է գրանցվել Տավուշի մարզում: Մարզի Այգեձոր գյուղի տարածքում գտնվող Ծիլի անվամբ ջրամբարում, որտեղ բնակիչները Վարդավառն են նշել, խեղդվել է նույն գյուղի բնակիչ 43-ամյա Էդգար Աթաբեկյանը:
NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզային փրկարարական վարչության Բերդի հրշեջ փրկարարական մասի պետի տեղակալ Մհեր Մեջլումյանը ասել էր, որ մինչ կեսգիշեր իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն ոչ մի արդյունք չկա. «Մեր ջրասուզակն արդեն 6 անգամ մտել է ջուրը, սակայն ջրամբարը խորն է ու նաեւ տիղմոտ, ինչն էլ բարդացնում է աշխատանքը>:
Երեկ կեսգիշերն անց մթի պատճառով աշխատանքները դադարեցվել էին, այսօր առավոտյան ժամը 6-ին այն նորից վերսկսվել են: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանն ասաց, որ լճից տղամարդու դին դուրս բերելու համար օգնության են կանչվել Սեւանի ջրափրկարարները: «Լճում որոնողափրկարարական աշխատանքները բավականին բարդ են, ջուրը տիղմոտ է….»,-ասաց նա` վստահեցնելով, որ մինչ Սեւանի ջրասուզակների դեպքի վայր հասնելը, իրենք շարունակելու են որոնել այգեձորցի 42 ամյա տղամարդու դին:




























