«United Factors Group» ընկերության նախկին ծրագրավորող Արտյոմ Ավետիսյանը դատի է տվել ընկերության տնօրեն Կարեն Գյուլգյուլյանին իրեն հասանելիք եւ չվճարված աշխատավարձ` վերջնահաշվարկը 1 միլիոն 670 հազար դրամ աշխատավարձը հետ ստանալու նպատակով: Սակայն կազմակերպության տնօրենը դատական գործընթացը ձգձգելու նպատակով հակընդդեմ հայցով է հանդես եկել` նշելով, թե Արտյոմ Ավետիսյանի վատ աշխատանքի պատճառով կազմակերպությունը ֆինասական խնդիրներ է ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտյոմ Ավետիսյանը:
Վերջինս պատմեց, որ սույն կազմակերպությունում 2011թ-ի օգոստոսից է խնդիրը ծագել: «Ես մոտ 3-4 ամիս աշխատել եմ` գումար չստանալով: Մարդը ասել է` դժվարություններ կան դիմացեք, ես դիմացել եմ` հնարավորություն տալով դուրս գալ այդ վիճակից: Սակայն դուրս չի եկել: Իմ դիմումի համաձայն աշխատանքից ազատվել եմ նոյեմբերի 15-ին: Ավելին` տնօրենը խնդրել է դատարան չդիմել եւ խնդրել է սպասել մինչեւ դեկտեմբերի 15-ը եւ խոստացել, որ այդ օրը գումարը կվճարի: Ես ընդառաջելով խնդրանքը սպասել եմ, բայց երբ չվճարեց, դիմել եմ Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»,- պատմեց Արտյոմ Ավետիսյանը եւ ավելացրեց, որ դատական նիստը նախագահում է Ալեքսեյ Սուքոյանը:
Սակայն դատական քննության ընթացքում Կարեն Գյուլգյուլյանը հակընդդեմ հայցով է ներկայանում, ինչի արդյունքում դատավորը մոտ 7 ամիս է, ինչ աշխատավարձի հետ կապված գործը ձգձգում եւ, ըստ Արտյոմի, արդյունքում ինքը չի կարողանում դատը շահել: Իսկ «United Factors Group» ընկերության տնօրեն Կարեն Գյուլգյուլյանի հակընդդեմ հայցի հիմքում ընկած է այն հանգամանքը, թե Արտյոմը լավ չի աշխատել, ինչի արդյունքում ընկերությունը ֆինանսական կորուստներ է ունեցել: Արտյոմի փոխանցմամբ, ճիշտ է կազմակերպությունը ֆինասական կորուստներ ունեցել է, բայց հարց է, թե ինչ մեղքի չափաբաժին ունի այդտեղ ինքը, քանի որ ծրագրավորողների թիմ է աշխատել:
Վերջինս, արձագանքելով մեր հարցին նշեց, որ ֆինասական խնդիրներ ունեցել են շատ աշխատակիցները, սակայն մի մասը չի բարձրաձայնել այդ մասին եւ խնդիրը ժամանակի ընթացքում լուծվել է: Ավելին` մինչեւ հիմա աշխատում են այդտեղ: Միայն ինքն է դատական կարգով փորձում հետ ստանալ գումարը: Իսկ մյուս մասն էլ վերջերս է ստացել գումարը: Վերջինս նաեւ նշեց, որ իրեն հայտնի չէ, թե կա ինչ-որ մեկը, որը հովանավորի Կարեն Գյուլգյուլյանին, հետեւաբար իրեն էլ է հետաքրքիր, թե ինչքու է դատարանը այս դեպքում դանդաղեցնում դատական գործի քննությունը: «Հատկապես այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է արագացված դատաքննություն: Ես խիստ կախված եմ իմ աշխատավարձից: Ինչո՞ւ պետք է ստիպված լինեմ 7-8 ամիս զանազան փաստաթղթեր քաշ տալ այստեղից այնտեղ, երբ փաստացի պարոն Գյուլգուլյանը ընդունել է, որ ինձ պարտք է 1 միլիոն 670 հազար դրամի գումար: Սակայն հակընդդեմ հայցի պատճառաբանությամբ գումարը չի տալիս»,- Ավելացրեց Արտյոմ Ավետիսյանը:
NEWS.am-ը լսեց նաեւ «United Factors Group» կազմակերպության տնօրեն Կարեն Գյուլգյուլյանին: Վերջինս էլ ասաց, որ Արտյոմ Ավետիսյանի գործունեության եւ անգործության արդյունքում ֆիրմային գերխոշոր չափի վնաս է հասցվել:«Այս պահի դրությամբ վնասի մեր հաշվարկած չափը 14 միլիոն դրամ է: Նա փորձեց իր խնդիրը դատարանի միջոցով լուծել, մենք էլ հակընդեմ հայցով ներկայացանք»,- արձագանքեց Կարեն Գյուլգյուլյանը: Հարցին, որ եթե Արտյոմ Ավետիսյանը մեղավոր լիներ, ինչու էր շահագրգռված հարցը դատարանով լուծելու հարցում արձագանքեց.«Ինքը չի ընդունում, որ ինքը մեղավոր է»: Կարեն Գյուլգյուլյանը նաեւ ավելացրեց, որ ինքը շահագրգռված է անկախ փորձաքննության միջոցով հասկանալ, թե Արտյոմ Ավետիսյանը ֆիրմային վնաս հասցրել է, թե ոչ: Եվ, եթե այո, որքան: Ինչից հետո նոր հասկանալ, թե ո՞վ ո՞ւմ ինչքան է պարտք:




























