«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամների համար մեծ ցավ է, որ մեր երկրում ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստներին ենթարկում են քաղաքական հետապնդման եւ ազատազրկման:
Միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք գտնում ենք, որ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կայացվեց դատավճիռ ոչ թե հանուն, այլ` ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի այս խնդրի կարեւորությունը, որովհետեւ այսպիսի իրավիճակում ոչ ոք ապահովագրված չէ իր հայացքների համար ճաղերի ետեւում հայտնվելուց:
Երիտասարդները առավել եւս չպետք է անմասն մնան այս խնդրի արդարացի լուծման եւ հետագայում նաեւ նման անարդարությունների կանխարգելման պահանջատիրությունից: Երիտասարդությունն է մեր երկրի ապագայի երաշխիքը. նա է կերտելու վաղվա Հայաստանը»:




























