2011թ. օգոստոսի 2-ին Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանի սպանության գործով օգոստոսի 6-ի դատական նիստը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում (նախագահող դատավոր՝ Արշակ Վարդանյան) տեղի չունեցավ՝ մեղադրող Արմեն Աֆանդյանի բացակայության պատճառով:
Նախատեսվում է, որ օգոստոսի 28-ի դատական նիստում ցուցմունքներ կտան ամբաստանյալներ Վահրամ Մարգարյանն ու Բորիս Հակոբյանը: Ինչպես «Փաստինֆո» թղթակցի հետ զրույցում նշել է նրանց պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, նրանք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:
Ըստ մեղադրանքի, Վահրամ Մարգարյանը գործով չպարզված ժամանակ եւ հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել եւ իր բնակության վայրում` Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի նռնակ եւ «Ջ-1» տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ, բացի այդ Բորիս Հակոբյանի օժանդակությամբ եւ վերջինիս կողմից տրամադրված հրազենի եւ ռազմամթերքի գործադրմամբ 2011թ. օգոստոսի 2-ին, ժամը 21:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:
Ըստ Բորիս Հակոբյանին ներկայացված մեղադրանքի, նա գործով չպարզված ժամանակ եւ հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել եւ իրեն պատկանող` Երեւան քաղաքի Հակոբյանց փող. թիվ 43 հասցեում գտնվող տանը պահել հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի 11 փամփուշտներ, ապա` Վահրամ Մարգարյանին տեղեկատվություն եւ հանցագործության կատարման գործիք` վերոհիշյալ հրազենն ու ռազմամթերք հանդիսացող ութ փամփուշտները տրամադրելով, օժանդակել է վերջինիս կողմից 2011թ. օգոստոսի 2-ին, ժամը 21:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին դիտավորությամբ կյանքից զրկելուն:
Նշենք, որ Վահրամ Մարգարյանը Բուդաշեպտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է:




























