Հայաստանի 5 մարզերի 380 համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածուների առաջադրման առաջին օրը` օգոստոսի 5-ին, առաջադրումներ են եղել ընդամենը 28 համայնքներում, այդ թվում` 5 քաղաքներում: Ընդհանուր առմամբ առաջադրվել է 34 թեկնածու:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Գյումրիում (Շիրակի մարզ), Էջմիածնում (Արմավիր), Տաշիրում (Լոռի), Կապանում (Սյունիք) նախօրեին առաջադրվել է քաղաքապետի մեկական, իսկ Վանաձորում (Լոռի)` երկու թեկնածու:

Գյումրիում միակ առաջադրվածը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանն է: Էջմիածնում եւ Տաշիրում ինքնաառաջադրվել են անկուսակցականներ, գործող քաղաքապետեր Կարեն Գրիգորյանը եւ Նշան Սողոյանը, իսկ Կապանում` գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը:

Վանաձորում ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը եւ ինքնաառաջադրվել է անկուսակցական, «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը:

Թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 10-ի ժամը 18-ն է: